Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը հաղթող դուրս եկավ Մատլակովի հետ ճակատամարտում
Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի թայ-բրեյք փուլը:
Պարզապես վալիդոլային ստացվեց Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցավեճը ռուսաստանցի գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի հետ:
Թայ-բրեյքի 25-րոպեանոց պարտիաներում ոչ-ոքիներ գրանցվեցին, դրանից հետո 10 րոպեանոց պարտիաներ անցկացվեցին, որտեղ Արոնյանի հաղթանակին Մատլակովը պատասխանեց իր հաղթանակով:
Եվ միայն սուպերբլիցում, որտեղ պարտիան տևում է 5 րոպե, Արոնյանը կարողացավ կոտրել համառ մրցակցի դիմադրությունը՝ հաղթելով երկու պարտիաներում: Պետք է արժանին մատուցել Մատլակովին, որը անհուսալի թվացող իրավիճակներում կարողանում էր բացառիկ կամք ցուցադրել և պայքարել մինչև վերջ:
Նշենք, որ մրցավեճն այս փուլում ամենավերջինը ավարտվեց:
Լևոն Արոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որը կմեկնարկի վաղը: Արոնյանի մրցակիցն այս փուլում կլինի ռուսաստանցի 21-ամյա գրոսմայստեր Դանիիլ Դուբովը:



