Աշխարհի Գավաթ. Արոնյանը ծանր պայքարում դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով չափազանց լարված ու բարդ պարտիայում կարողացավ հաղթել ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Դուբովին:
Դուբովը երկար ժամանակ հաջողությամբ պաշտպանվում էր, սակայն ի վերջո տեղի տվեց Արոնյանի ճնշմանն ու 97-րդ քայլում հանձնվեց:
Երկու պարտիաների արդյունքով հայ գրոսմայստերը հաղթեց 1,5-0,5 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Այս փուլում Արոնյանին ահեղ մրցակից է սպասվում՝ ի դեմս ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, որն իր հերթին մրցաշարից դուրս թողեց հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիին:
Վաղը կկայանա քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղային օրը: