211652_close_icon
views-count7691 դիտում article-date 17:50 28-08-2017

«1000 տարվա գյուղամեջ» փառատոնը բացահայտեց Զորական-Չարդախլու գյուղի բարիքները

«1000 տարվա գյուղամեջ» փառատոնը՝ յուրահատուկ ավանդույթներով եւ գյուղական կոլորիտով Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում երկրորդ անգամ կայացավ «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը։ Օգոստոսի 26-27-ին՝ ամռան վերջին հանգստյան օրերին, այցելուները դարձան գյուղական կոլորիտի մի մասը։ Գյուղական կենցաղավարությանը նվիրված փառատոնի ընթացքում Չարդախլեցիները ներկայացրին իրենց մարզին բնորոշ ավանդույթները: Փառատոնի բացմանը այցելուներին դիմավորեցին ազգային երգ ու պարով՝ նաեւ ներկայացնելով «Նուրու-նուրու» ավանդական ծիսակարգը։ Տավուշի լեռների մեջ ծավալված գյուղի բնակիչներիբակերում հյուրերը հետեւում էին նրանցամենօրյա աշխատանքին, բակերից մեկում տան տերերը բուրդ էին գզում, թելմանում, մեկ այլ բակում գաթա ու հաց թխում կամ օղի թորում։ Այցելուները ոչ միայն դիտում էին, այլեւ մասնակցում գյուղական ավանդական ծիսակարգերին, որոնցից են մեղր քամելը, խմոր հունցելը, դարբնի կողմից ձիու պայտ պատրաստելը, խնոցով կարագ հարելը, մուրաբա եփելը, խոխոփ եփելը, ձիավարելը եւ այլն: «1000 տարվա գյուղամեջ»-ի համակարգող Հովհաննես Կարապետյանը փառատոնի կայացման համար իր ֆինանսական միջոցներն է ներդրել։ Թեպետ այժմ ծննդավայրում չի ապրում, բայց հաճախ է Զորականում լինում, նպատակ ունի գյուղական ավանդույթները վերականգնել ու տարածել։ Թե ինչու է փառատոնը կոչվում 1000 տարվա գյուղամեջ, նա նշեց. «Զորականը հիմնականում բնակեցված է Արցախի պատմական Չարդախլու գյուղից ներգաղթյալներով, որն ունի հազարավոր տարիների պատմություն։ Հայտնի է որպես զինվորական գյուղ, տվել է բազմաթիվ անվանի հայորդիներ, օրինակ՝ մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը։ Արցախյան պատերազմի հերոսներ ունենք, նախորդ տարի ապրիլին մեր տղաները քաջաբար մասնակցել են պատերազմին։ Գյուղի բնակիչները տեղափոխվելով դեպի Տավուշ՝ չեն կորցրել հետաքրքիր սովորույթները, որոնք վերականգնել ենք հատուկ փառատոնի համար։ Մեր գյուղում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա, սոցիալական ճնշում գործադրելով փորձել ենք այդ հարցը լուծել, այժմ գյուղղացիների մեծ մասը գնացել են իրենց բերք ու բարիքին տեր կանգնելու, ողջ տարին սպասել են այս սեզոնին, այդ պատճառով մի քիչ պասիվ են։ Շնորհակալություն գյուղի բնակիչներին զուտ այստեղ ապրելու համար, որ չեք լքում մեր գյուղը», - ասաց Հովհաննես Կարապետյանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը եւս ներկա էր փառատոնին. «Նման փառատոները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, նպատակ ունենք զբոսաշրջությունը ուղղորդել դեպի մարզեր, նպաստել տնտեսական պոտենցիալի բացահայտմանը: Փառատոնը երկրորդ անգամ է կայանում, դեռեւս շատ մարդիկ չեն այցելում, բայց հետզհետե հոսքը կշատանա, ինչպես գինու կամ խորովածի փառատոնն է մեծ հետաքրքրություն առաջացրել», -ասաց Մեխակ Ապրեսյանը: Փառատոնի այցելուները հանդիսությունների սրահում համտեսեցին ավանդական «Խոխոփ» ճաշատեսակը, որը պատրաստվում է սագի կամ հավի մսից` սոխով, նուռով կամ հոնով։ Հովհաննեսի մայրիկը նաեւ պատրաստեց ավանդական ժենգյալով հաց, քանի որ արմատներով Արցախից է։ Երեկոյան խարույկի շուրջ փոքրիկները հայրենասիրական երգերով լիացրին փառատոնային առաջին օրը: Երկրորդ օրը արշավային էր. մասնակիցներն անտառային արշավի ընթացքում հոն, մոշ և այլ հատապտուղներ համտեսեցին, ինչպես նաեւ տեսան պատմական Չարդախլուից բերված միակ խաչքարն ու հարյուրամյա սոսենին։

Նմանատիպ նյութեր