Արևի ամբողջական խավարման պատճառով ԱՄՆ-ն մոտ 700 մլն դոլար է կորցրել
Միացյալ Նահանգների վրա «թանկ է նստել» արևի խավարումը, քանի որ մի շարք ընկերությունների պատճառվել է 694 մլն դոլարի վնաս։
Ինչպես հայտնում է Interfax-ը, պատճառը եղել է այն, որ հազարավոր աշխատակիցներ թողել են գործը և հետևել բնության գեղեցիկ երևույթին։
Փորձագետների գնահատականով՝ միջինը ամերիկացիները արևի խավարմանը հետևել են 20 րոպե։ Միևնույն ժամանակ մի քանի նահանգներ, որտեղ խավարումը ամենապարզ կերպով է երևացել, միլիոնավոր դոլարների շահույթ են ստացել զբոսաշրջիկների այցելությունների արդյունքում։
Այսպես, Թեննեսի նահանգի Նեշվիլլ քաղաք է ժամանել մինչև 70 հազար զբոսաշրջիկ, որոնց ծախսած գումարի չափը հաշվվել է 15-20 մլն դոլար։ Հարավային Կարոլինա նահանգի եկամուտը 1 օրում կազմել է 43 մլն դոլար, իսկ ամենամեծ եկամուտն ունեցել է Այդահո նահանգը, որտեղ այցելուների թիվը հասել է կես միլիոնի։