211652_close_icon

Նիկշա Բավցևիչ. Առաջ ենք շարժվում խաղից խաղ

views-count4583 դիտում article-date 17:03 07-08-2017
Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Շվեդիայի նկատմամաբ հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը լրագրողների հետ զրույցում ամփոփեց խաղի արդյունքները. «Այսօր նույնպես տրիբունաները լիքը չէին: Հուսով եմ, որ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում ավելի շատ երկրպագուներ կլինեն: Նախորդ խաղից հետո ես ասել էի, որ իմ թիմը, իմ տղաներն արժանի են երկրպագուների մեծ աջակցությանը: Չէ որ նրանք ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում: Տղաները խաղացին ոչ թե 70-80, այլ 100 տոկոսով, նրանցից մի քանիսը նույնիսկ 110: Առաջին և երկրորդ քառորդներից գոհ չեմ, քանի որ մենք շատ ազատ խաղ թույլ տվեցինք Էրիքսոնին: Հետո փոխեցինք մարտավարությունը: Մեր հաջողության բանալիներից մեկը՝ տուգանայինից ներս ցուցադրած խաղն էր, երկրորդը՝ օղակից անդրաձարձող գնդակներին ավելի շատ տիրելը: Հետո երկրպագուների աջակցությունն իսկապես ֆանտաստիկ էր»,- ասաց Նիկշա Բավցևիշը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Մարզիչը նշեց, որ այդ ուղղությամբ չի մտածում և տղաներին նույնպես արգելել է մրցաշարային աղյուսակի մասին մտածել. «Մենք առաջ ենք շարժվում խաղից խաղ: Պետք է կենտրոնանալ միայն առաջիկա հանդիպման վրա: Մեր խումբը բավական բարդ է: Բայց մենք պետք է ցույց տանք, որ հայկական բասկետբոլի զարգացումը ճիշտ ուղու վրա է: Այս երկու հաղթանակներով, իհարկե, ամեն ինչ ավարտված չէ: Յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել սեփական հարկի տակ: Բայց մենք պետք է հաղթենք նաև արտագնա խաղերում: Մենք մեծ խոստումներ չենք տալիս, լուռ կատարում ենք մեր աշխատանքը: Բասկետբոլիստների նոր սերունդ ունենք: Կարծում եմ՝ մեր թիմն ամենաերիտասարդն է խմբում: Հուսով եմ, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կանեն ամեն ինչ` առաջիկա 5-6 տարիներին այս սերնդին պահելու համար: Սա իսկապես կօգնի հայկական բասկետբոլին»,- եզրափակեց Բավցևիչը:

Նմանատիպ նյութեր