211652_close_icon
views-count12483 դիտում article-date 15:02 23-07-2017

Թուրք լրագրողը Ցեղասպանության վերաբերյալ նոր բացառիկ արխիվային փաստաթուղթ է հրապարակել

Թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական հայտնի Bianet.org կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բացառիկ փաստաթուղթ: Թուրքական արխիվներից գտած և Պոլսո Հայոց պատրիարքարանի կնիքը կրող փաստաթղթում Պոլսո պատրիարք Զավեն արքեպիսկոպոսը (Զավեն Տեր-Եղիայան՝ 1868-1947, Պոլսո պատրիարք Հայոց ցեղասպանության տարիներին) հայտնում է արմատներով Էրզրումցի Կարապետ Գրիգոր Զարմանյանի՝ թուրքական պետության հրամանով աքսորվելով՝ իրաքյան Մոսուլի մոտակայքում 1916թ.-ի մարտին վախճանվելու մասին: Թուրք լրագրողը նկատում է, որ պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը, որը ծնունդով Բաղդադից էր, երիտթուրքական կառավարության կողմից 1916-ին պատրիարքարանի փակումից հետո աքսորվել է իր ծննդավայր, որտեղից կարողացել է վերադառնալ Կ. Պոլիս միայն 3 տարի անց՝ երիտթուրքական կառավարության տապալումից հետո միայն: Վերադառնալուց հետո պատրիարքի դժվարին պարտականություններից մեկ էլ Ցեղասպանության ժամանակ աքսորի ճանապարհին մահացած ու հաճախ անհայտ կորած համարվող հայերի մահվան լուրը ընտանիքներին հայտնել էր: Էրզրումցի Զարմանյանի մահվան մասին ֆրանսերենով գրված փաստաթղթում պատրիարքը նշում է նրա կնոջ և երկու դուստրերի անունները և հայտնում նրանց երեքի՝ դեռևս կենդանի լինելու մասին: Թուրք լրագրողը հույս է հայտնում, որ արխիվներից գտնված այս փաստաթուղթը առաջին անգամ լայն զանգվածների առաջ հրապարակվելուց հետո ի հայտ կգան նաև Զարմանյանների ողջ մնացած ժառանգները:

Նմանատիպ նյութեր