211652_close_icon
views-count11334 դիտում article-date 22:53 18-07-2017

Անջեյ Կասպշիկին ընդունել են Արցախի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները

Հուլիսի 18-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը, սահմանում ամսվա սկզբին տեղ գտած լարված իրադրությունն ու այն թուլացնելու հնարավոր միջոցները: Հուլիսի 18-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին ընդունել է նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին։ Այս համատեքստում Կարեն Միրզոյանն ընդգծել է շփման գծում կայունության ապահովման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր