ԿԳՆ-ն դպրոցների ատեստատները ռուսերեն է լրացնում, որ ՌԴ մեկնողները թարգմանելու խնդիր չունենան
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ՀՀ հանրակրթական դպրոցների կողմից տրվող ավարտական ատեստատներում ռուսերեն նշումներին:
Նա ասաց, որ դա ունի իր հիմնավորումը, Հայաստանի աշակերտների մի մասը դպրոցն ավարտելուց հետո գնում են Ռուսաստան: Նրանք այնտեղ աշխատում են, ատեստատ ներկայացնելու խնդիր է լինում, որպեսզի ատեստատը չտան թարգմանության, ՀՀ ԿԳՆ-ում միանգամից ռուսերեն տարբերակն էլ է նշում դրանում:
«Մեր երեխաների զգալի մասը արտագնա աշխատանքի են մեկնում և հետ են գալիս, ատեստատն իրենց պետք է»,- ասաց նա:
Հարցին, թե միայն Ռուսաստանո՞ւմ է հայերին ատեստատ պետք գալիս, այլ երկրներում այդ խնդիրը չկա՞, նախարարը պատասխանեց. «Եթե անգլերեն լինի, կդիմեն մեզ, անգլերեն տարբերակը կտանք, բայց հիմա մեծ մասը Ռուսաստան են գնում»: