211652_close_icon
views-count5755 դիտում article-date 09:30 05-03-2026

Պայթյուն-փլուզում՝ Երևանի Ջրվեժ թաղամասում. կա վիրավոր, վնասվել են 8 ավտոմեքենաներ․ ժամանել են Երևանի փրկարարական վարչության պետը, տեղակալն ու Նոր Նորքի թաղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 5-ին, պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժում՝ Մայակ թաղամասի 35/1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանի, Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի և Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Հանիսյանն ու պարեկ Ֆելիքս Պետրոսյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյուն-փլուզման հետևանքով վնասվել են ավտոտնակի հարևանությամբ գտնվող մեկ այլ ավտոտնակում կայանված «Mercedes» մակնիշի և դրսում կայանված «BMW X5», «Jeep», «Mercedes», «Nissan», 2 «Kia» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի բնակարանների մի քանի պատուհանների ապակիներ։

Դեպքի մասին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև կժամանեն դեպքի վայր։

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։

Տեղում պարզվել է, որ պայթյունի վայրը գազաֆիկացված չէ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը հնարավոր է առաջացած լինի ավտոմեքենայի գազաբալոնից կամ կենցաղային հոգսերի համար օգտագործվող գազաբալոնից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 47-ամյա Թորոս Տ.-ն է։

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր