211652_close_icon
views-count21180 դիտում article-date 23:32 12-07-2017

75 տարի անհետ կորած համարվող հայ սերժանտի աճյունը Ուկրաինայից կտեղափոխվի Հայաստան

Կիևում հուլիսի 12-ին տեղի է ունեցել կրտսեր սերժանտ Սեդրակ Աղաջանյանի աճյունը Հայաստանին հանձնելու արարողությունը: Զինծառայողը հերոսի մահով զոհվել էր 1941թ-ին Ժիտոմիրյան շրջանի Մալին քաղաքի մոտակայքում ընթացած մարտերի ժամանակ: Ինչպես հայտնում է [url=http://analitikaua.net/2017/v-kieve-sostoyalas-tseremoniya-peredachi-ostankov-voina-vtoroy-mirovoy-voynyi-na-rodinu-v-armeniyu/]AnalitikaUA.net[/url]-ին, հղում անելով Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայությանը: Սեդրակ Աղաջանյանի մնացորդները, ով անհետ կորած էր համարվում ավելի քան 75 տարի, հայտնաբերվել էին «Վերտիկալ» որոնողական կազմակերպության կողմից՝ 1941թ-ին Կիևի պաշտպանության սահմանագծին գտնվող գետի մոտակայքում: Աճյունի հետ միասին հայտնաբերվել էին նաև կողմնացույց, ժանգոտված դաշույն կաշվե պատյանում և երկու անձնական տարբերանշան, որոնց վրա նշված են Սեդրակ Աղաջանյանի անձնական տվյալները: Հետագա որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ պատերազմի նախօրեին կրտսեր սերժանտ Աղաջանյանն ամուսնացել էր ուկրաինուհի, Կովելի բնակչուհի Գալյա Ժմույդեի հետ: Աճյունի փոխանցման արարողությանը, որը կազմակերպվել է Ուկրաինայի ազգային ռազմա-պատմական թանգարանում, մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, թանգարանի տնօրեն Վլադիսլավ Տարանեցը, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վերտիկալ» որոնողական կազմակերպության ղեկավար Վլադիմիր Ժարկոն և այլոք: Կազմակերպիչների խոսքով՝ Սեդրակ Աղաջանյանի աճյունը հուղարկավորվելու է հայրենիքում՝ Հայաստանում՝ իր մոր շիրիմի կողքին:

Նմանատիպ նյութեր