137090 դիտում
23:24 02-07-2017
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 26-ամյա վարորդը Volkswagen -ով հայտնվել է դաշտում. ինքն ու կինը տեղափոխվել են հիվանդանոց, 2- ամյա տղան տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 2-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղահրամանյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Ղահրամանյանը , ուղևոր 24-ամյա Արմինե Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղահրամանյանը տեղում մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխան հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 25 մետր հեռավորության վրա:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանտու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը քննիչ Զոհրաբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ վթարված գազախողովակի հենասյունը ուղղելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություներով վարորդ Մ. Ղահրամանյանը ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ մահացած երեխան նրա որդին էր, վիրավոր Ա. Մնացակյնանն էլ կինը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+