Ստեփանավանում մեծ շուքով նշվել է բուժաշխատողի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում բուժաշխատողի մասնագիտական օրվա նախօրեին իսկական տոն նվիրվեց համակարգի աշխատակիցներին: Միջոցառման ողջ ընթացքում ներկայացվեց պատմական ակնարկ, անդրադարձ կատարվեց քաղաքի հին և նոր անվանի բուժաշխատողներին: Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային համարներով. բուռն ծափահարություններին հաջորդող ելույթները համեմված էին նաև օրվա հերոսների մասին տեսանյութերով:
Միջոցառմանը ներկա էին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորանքներն էին բերել փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, ԼՄ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Ստեփանավանի և Տաշիրի քաղաքապետերը, մեծ թվով բուժաշխատողներ: Մարզպետի տեղակալ Տ. Բադոյանը մարզի ղեկավարի շնորհակալագրերով պարգևատրեց Ստեփանավանում հայտնի բուժաշխատողներ Արարատ Կարապետյանին, Իվետա Պետրոսյանին, Աիդա Մանուկյանին:
Լոռու մարզպետարանի ներկայացուցչի ելույթից հետո հնչեց Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի շնորհավորական ուղերձը, որում քաղաքապետը անրադարձել է ինչպես այսօր աշխատող բուժաշխատողներին, այնպես էլ համակարգի՝ վաստակած հանգստի անցած անվանի բուժաշխատողներին, շնորհակալություն հայտնել և մաղթել առողջություն:
Հագեցած միջոցառման ընթացքում արդեն բուժաշխատողների կողմից անակնկալ էր պատրաստվել նաև մշակույթի պալատի տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանի համար: Նրան, միջոցառումը համայնքապետարանի հետ բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, բժիշկները ծաղիկներ նվիրեցին:
Միջոցառման ավարտին հայտարարվեց, որ մշակույթի պալատը հենց բուժաշխատողի օրը կհյուրընկալի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասաններին: Քաղաքապետի որոշմամբ տոմսերը հատկացվել են առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Իրադարձությունները այսքանով էլ չեն ավարտվում. արդեն հունիսի 21-ի առավոտյան քաղաքապետի շնորհավորանքն ու խորհրդանշական անակնկալը հասավ նաև քաղաքի պոլիկլինիկա և բժշկական կենտրոն:
[b]Ստեփանավանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.[/b]