Լևոն Արոնյանը՝ «Norway Chess»-ի հաղթող
Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/16/1070110/]ավարտվեց[/url] Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած «Norway Chess» մրցաշարը: Բազմաթիվ շախմատային մեկնաբանների և վերլուծաբանների կարծիքով «Norway Chess»-ը շախմատի պատմության մեջ ուժեղագույն մրցաշարերից էր, իսկ որոշ մեկնաբաններ նշում են, որ այն, հավանաբար, ուժեղագույնն է:
Մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և միանգամից 1 միավորով առաջ անցավ 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Վլադիմիր Կրամնիկից և Հիկարու Նակամուրայից:
Արոնյանը մրցաշարն անցավ առանց պարտության: Նա ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի, Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի և աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինի հետ պարտիաներն ավարտեց հաղթանակով:
Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդից բարձրացել է 4-րդ հորիզոնական: