Ֆաբիանո Կարուանան բացառիկ դրամատիկ պայքարում դարձավ Norway Chess մրցաշարի հաղթող. Արոնյանը 6-րդն էր
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը:
Մրցաշարի վերջին տուրից առաջ 4 շախմատիստ՝ Նորվեգիան ներկայացնող Մագնուս Կարլսենը, և ԱՄՆ 3 ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Ուեսլի Սոն, վաստակել էին 4-ական միավոր և կիսում էին 1-4-րդ հորիզոնականները, իսկ Լևոն Արոնյանը և Վիշվանաթան Անանդը իրենց ակտիվում գրանցել էին 3.5-ական միավոր և հաղթանակի դեպքում կարող էին հավակնել կիսելու առաջին հորիզոնականը:
Վերջին տուրում առաջինն ավարտվեց Վաշիե-Լագրավ - Կարլսեն պարտիան: Կողմերը հաշտություն կնքեցին 17-րդ քայլում: Այնուհետև ոչ-ոքի գրանցվեց նաև Արոնյան - Նակամուրա պարտիայում:
8-րդ տուրում Կարուանային կրած պարտությունից հետո Վիշվանաթան Անանդը կարողացավ սև խաղաքարերով հաղթել Սերգեյ Կարյակինին:
Ընթացքի մեջ էր մնացել միայն Կարուանա-Ուեսլի Սո պարտիան: Եթե այստեղ ևս գրանցվեր ոչ-ոքի, ապա հաղթողը կորոշվեր այսօր կայանալիք թայ-բրեյքում, որում 5 շախմատիստ կվիճարկեին հաղթողի տիտղոսը, ինչը բացառիկ երևույթ կլիներ և ինչը ցանկանում էին բոլոր շախմատասերները:
Սակայն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Կարուանան «հարամեց» այդ սցենարը, բացառիկ դրամատիկ պայքարում հաղթեց Ուեսլի Սոյին և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Ճակատագրական եղավ ամերիկացու 41-րդ քայլը: Նավակը ընդամենը 1 վանդակ ճիշտ չդնելը ազդեց ամբողջ մրցաշարի վրա:
Նշենք, որ Altibox Norway Chess-ը երկրորդ մրցաշարն է, որտեղ՝ Կարուանայի հավակնորդ դառնալուց հետո, միմյանց հետ մրցել են Կարլսենը և Կարուանան: Երկու դեպքում էլ Կարուանան դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Կարլսենը բավարարվել է 2-րդ հորիզոնականով:
Ավելացնենք նաև, որ Altibox Norway Chess-ի առաջին տուրում Կարլսենը ուժեղ գտնվեց Կարուանայից, իսկ Grenke Chess Classic մրցաշարում Կարլսենը շատ մոտ էր հաղթանակին, սակայն Կարուանան հրաշքող փրկվեց:
3 շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը վաստակեցին 4.5-ական միավոր և կիսեցին 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ավելի բարձր միավորների շնորհիվ Կարլսենը գրավեց երկրորդ հորիզոնականը, Նակամուրան եզրափակեց լավագույն եռյակը, իսկ Անանդը դարձավ չորրորդը:
Լևոն Արոնյանն իր ակտիվում գրանցեց 4 միավոր և Ուեսլի Սոյի հետ կիսեց 5-6-րդ հորիզոնականները: Ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով Արոնյանը դարձավ 6-րդը: Արոնյանը այս մրցաշարում 3 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: