Ադրբեջանը 3,4 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել Վրաստանում, Վրաստանը Ադրբեջանում՝ 72 միլիոնի
Վրաստանի տնտեսությունում Ադրբեջանի ներդրումները գնահատվում են 3,4 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման հարցերով նախարար Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպմանը Մուստաֆաևն ընդգծել է, որ Ադրբեջանում այժմ գործում է վրացական կապիտալով մոտ 280 ընկերություն, Վրաստանում՝ ավելի քան 200 ադրբեջանական ընկերություն:
«Ադրբեջանական ներդրումները Վրաստանի տնտեսությունում գնահատվում են 3,4 միլիարդ դոլար, Ադրբեջանի տնտեսությունում վրացական ներդրումները՝ 72 միլիոն դոլար»,- հայտարարել է նա:
Գախարիան ընդգծել է, որ Վրաստանը և Ադրբեջանն ունեն տնտեսական համագործակցության ընդլայնման համար պոտենցիալ: Նախարարները փոխանակվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման, տարանցիկ փոխադրումների և միասնական սակագների կիրառման, ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցության խորացման, առևտրի և ներդրումների վերաբերյալ կարծիքներով: