211652_close_icon
views-count2703 դիտում article-date 12:38 02-06-2017

Փարիզյան համաձայնագիրն անդամալույծ է անում Միացյալ Նահանգների տնտեսությունը․ Թրամփ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դուրս է գալիս կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, որին Միացյալ Նահանգները միացել էր Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: «Ես ընտրվել եմ, որպեսզի ներկայացնեմ Փիթսբուրգի ոչ թե Փարիզի քաղաքացիներին», - Միացյալ Նահանգները դուրս է գալու կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Կարևորագույն այս որոշման մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը. «Միացյալ Նահանգները դուրս է գալու կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրից: Սակայն մենք սկսելու ենք քննարկումներ փարիզյան կամ մեկ այլ համաձայնագրի միանալու վերաբերյալ՝ Միացյալ Նահանգներին ձեռընտու պայմաններով»: Նախագահ Թրամփի որոշումը նշանավորում է Վաշինգտոնի նախորդ վարչակազմի կողմից վարած կլիմայական փոփոխության դեմ պայքարի քաղաքականության շրջադարձային փոփոխությունը. «Փարիզյան համաձայնագիրն անդամալույծ է անում Միացյալ Նահանգների տնտեսությունը, դարձնելով այն այլ մայրաքաղաքների և գլոբալ ակտիվիստների զոհ, որոնք խոշոր շահեր են ակնկալում մեր երկրի հաշվին: Նրանց համար Ամերիկան առաջնահերթություն չէ, ինձ համար՝ առաջնահերթություն է»: Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը միավորում էր գրեթե ամբողջ աշխարհի երկրները, բացառությամբ Սիրիայի և Նիկարագուայի: Համաձայնագրին միացած երկրները պարտավորվել են կրճատել արտանետումները, որոնք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա: Արտանետումների կրճատումը ենթադրում է նաև նոր ծախսեր արտադրողների համար: Մտահոգված գիտնականների միության ներկայացուցիչ Ալդեն Մեյերի խոսքով, այն կարծիքը, թե շրջակա միջավայրի պահպանությունը վնաս է հասցնում բիզնեսին, թյուր է. «Իրականում գործարարների խոսքով, կլիմայի փոփոխությունը բացասաբար է ազդում նրանց աշխատանքի վրա, իսկ դրա դեմ պայքարի ծրագրերը նոր հնարավորություններ են բացում»: Բնապահպանները հիշեցնում են, որ արտանետումների ծավալի իջեցումը ոչ թե տնտեսական, այլ Երկիր մոլորակի ապագայի խնդիրն է. «Եթե մենք շարունակենք արտանետումների ներկա աստիճանը, 21-րդ դարի վերջին մոլորակի միջավայրը զգալիորեն կտարբերվի ներկա միջավայրից, ինչը Երկիր մոլորակի վրա ապրող մարդկանց և կենդանական աշխարհի համար վնասակար կլինի,», - նշում է Լոս Անջելեսի համալսարանի գիտնական Դենիել Սուեյնը: Իր նորարարություններով հայտնի խոշոր գործարար Էլոն Մասքը, ով առաջին մասնավոր տիեզերանավը ստեղծած, Space X և Tesla էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ընկերությունների հիմնադիրն է, հայտարարել է, որ դուրս է գալու Սպիտակ տան բոլոր երեք խորհուրդներից, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու դեպքում: Դոնալդ Թրամփը սակայն համոզված է, որ Փարիզի համաձայնագիրն իր ներկա ձևով անարդար պայմաններ է ստեղծում առանց այն էլ մաքուր աշխատող ամերիկյան ընկերությունների համար. «Փարիզյան համաձայնագրի պահանջների կատարումը և սահմանափակումները կարող են Ամերիկայում 2 միլիոն 700 հազար աշխատատեղի կորստի հանգեցնել 2025 թվականին: Հավատացեք ինձ՝ սա այն չէ, ինչ մեզ անհրաժեշտ է»: Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

Նմանատիպ նյութեր