211652_close_icon
views-count1433 դիտում article-date 09:37 30-03-2021

Ռուսաստանը կարող է «բարձր գին վճարել» Միացյալ Նահանգների դեմ չարամիտ գործողությունների համար․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է «բարձր գին վճարել» Միացյալ Նահանգների դեմ չարամիտ գործողությունների համար: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք մեր շահերը պաշտպանելու համար», ասել է Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել կիրակի օրը: Հարցազրույցը ձայնագրվել է ավելի վաղ ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի դիվանագետների հետ Բլինքենի բանակցություններից հետո: Ըստ նրա, այն, ինչը միավորում է արեւմտյան դաշնակիցներին, «ընդհանուր հանձնառություն» է ՝ իրատեսորեն դիտելու Մոսկվայի գործողությունները և Կրեմլին պատասխանատվության ենթարկելու համար:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ իր երկրի պաշտոնատար անձինք այժմ գտնվում են Մոսկվայի դեմ Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցներն ուսումնասիրելու ընթացքում և այդ հարցով խորհրդակցում են ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ:

Չնայած ԱՄՆ-ը և Ռուսաստանը արագ կերպով պայմանավորվեցին երկարաձգել START պայմանագիրը, որն ավարտվել էր Ջո Բայդենի կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է այլ գործողությունների, այդ թվում Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանությունների համար պարգևներ տրամադրելու, ընտրություններին միջամտություն իրականացնելու և ամերիկյան ընկերությունների համակարգչային համակարգերը կոտրելու մեջ:

Բլինքենի հարցազրույցը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Բայդենի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել, քան Դոնալդ Թրամփի վարչակազմը:

Երկու շաբաթ առաջ ABC News- ին տված հարցազրույցում Բայդենն ասել էր, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «մարդասպան»:

«Դուք շուտով կտեսնեք, թե ինչ գին է նա վճարելու», - ասել էր Բայդենն ու ավելացրել, որ չնայած այդ լարվածությանը, երկու երկրները շարունակում են համագործակցությունը երկուստեք կարեւոր համարվող բնագավառներում:

Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու փորձերի, ինչպես նաեւ ամերիկյան SolarWinds տեխնոլոգիական ընկերության դեմ կիբերհարձակում կազմակերպելու մասին մեղադրանքները: Ռուսաստանը հերքում է նաեւ Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների սպանության համար պարգեւատրումներ հատկացնելու մասին հաղորդումները և ռուս ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու փորձերի շուրջ քննադատությունը:

ԱՄՆ-ի վարչակազմում այժմ քննարկում են պատժամիջոցների ընտրության հարցը:

Նմանատիպ նյութեր