ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ
                        ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստոև.
«Սիրելի՛ շրջանավարտներ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ: Այսօրվանից դուք  մուտք եք գործում կյանքի նոր, ավելի պատասխանատու ու վճռորոշ մի փուլ, որից և սկիզբ է առնելու կյանքի ձեր նոր ճանապարհը: Վստահ եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեք, պետության և հայրենիքի համար պիտանի ու արժանի զավակ եք լինելու: Հպարտությամբ եմ խոսում այն տղաների մասին, ովքեր զորակոչվելու են  բանակ ու կանգնեն իրենց զինվոր եղբայրների կողքին, հատկապես այս ժամանակահատվածում, երբ հակառակորդին պիտի ցույց տանք մեր միասնական ուժն  ու համախմբվածությունը:
Շնորհավորում եմ նաև «Պատանի երկրապահ» կառույցում ընդգրկված բոլոր շրջանավարտներին: Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս պատանիները հրամանատարասերժանտական դասընթացների ու դրանք անցկացնող Երկրապահի և գործընկեր կառույցների հմուտ մասնագետների շնորհիվ  արդեն  կայացած զինվորներ են՝ պատրաստ նվիրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Հարգելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, մանկավարժներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել գիտելիքների ձեռք բերման, առողջ ու հայեցի դաստիարակման գործում:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Արցախ աշխարհի շրջանավարտներին ու մանկավարժներին: Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ  թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական շրջանում  կարող եք դաստիարակել մի այնպիսի սերունդ, որն արժևորում և արժևորելու  է թափված արյունն ու տեր է կանգնելու հերոս տղաների շնորհիվ ձեռք բերված անկախությանը:
Ջերմ շնորհավորանքներս աշխարհասփյուռ հայությանը, օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը, շրջանավարտներին, ովքեր հայրենիքից հեռու գտնվելով  էլ պահպանում են  իրենց ինքնությունը, մայրենի լեզուն, հիշողության մեջ  վառ են պահում սեփական ժողովրդի պատմությունը:
Վստահությամբ եմ ասում, որ դուք այն սերունդն եք, ով ոչ միայն կարող է պահպանել, այլև նոր որակներ հաղորդել մեր ազգային արժեքներին, դուք այն սերունդն եք, ով գիտակցում է, որ հաղթանակի ձեռքբերումը նույնքան կարևոր է, որքան դրա պահպանումն ու գալիք սերունդներին փոխանցումը: Հավատացե՛ք, որ Երկրապահը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են, այսուհետ էլ ամեն ինչ անելու են, որ խաղաղ բացվեն հայոց երկրի արշալույսները, որ ոչ մի դեպքում չվտանգվի ձեր լուսավոր ապագան: Նախորդ տարվա ապրիլի թուրքական սադրանքին հասցված հայկական հուժկու հակահարվածն էլ փաստեց, որ մենք` ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ի վիճակի ենք երաշխավորել Հայաստանի, Արցախի անվտանգությունը, ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Ինչ ճանապարհով էլ որ քայլեք, հիշե՛ք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք, հիշե՛ք, որ անմահ հերոսների՝ ձեզ փոխանցած ազատությունն ու անկախ ապրելու իրավունքը սրբորեն պիտի պահպանեք: Դուք եք լինելու այս երկրի տերը, նոր հաղթանակները դուք եք գրելու:
Եվս անգամ շնորհավորում եմ  բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով  բազում հաջողություններ, արդարացված սպասումներ, մեր երկրին ու սահմանը հսկող զինվորներին՝ խաղաղություն, անկոտրում կամք ու անսահման ուժ և եռանդ:
Այսօրվանից կյանքի նոր հորիզոններ են  ձեր առջև բացվում: Հավատացե՛ք ինքներդ ձեզ, ձեր ապագային ու վստահ եղեք, որ ձեր օրն ու կյանքի յուրաքանչյուր փուլը դուք եք կերտում:
Թո՛ղ  բարի հնչի դպրոցական վերջին զանգը…»։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

