Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի եռակողմ հանդիպումը կանցկացվի աշնանը Վրաստանում
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներն առաջին անգամ Վրաստանում եռակողմ հանդիպում կանցկացնեն ընթացիկ տարվա աշնանը: Այդ մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված [url=https://mod.gov.ge/c/news/tavdacvaministeriali]հաղորդագրության[/url] մեջ:
Դրա մասին որոշվել է դարձել մայիսի 23-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լևան Իզորիայի, Զաքիր Հասանովի և Ֆիքրի Ըշըքի՝ Բաթումում կայացած եռակողմ նախարարական հանդիպման ժամանակ:
«Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի եռակողմ հանդիպման կարևորությունը, հանդիպում, որն առաջին անգամ անցկացվելու է ընթացիկ տարվա աշնանը, և այն ընդունելու է Վրաստանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են նաև պլանավորված եռակողմ զորավարժությունները:
Վրացական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունիսի 4-ից մինչև 14-ը Թուրքիայում կանցկացվեն թուրք-վրաց-ադրբեջանական Caucasus Eagle զորավարժությունները՝ երեք երկրների հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: Սեպտեմբեր ամսին կազմակերպվելու են նաև շտաբային համակարգչային վարժանքներ՝ երեք երկրներից ժամանած զինվորականների մասնակցությամբ: