Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱՄՆ Պետդեպ՝ պարզաբանումներ տալու
Երկու օր առաջ Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանության մոտ տեղի ունեցած բախումներից հետո Պետդեպը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սարդար Քըլըչին կանչել է՝ պարզաբանումներ տալու։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Քըլըչը հանդիպել է պետքարտուղարի տեղակալ Թոմ Շեննոնի հետ։
Հիշեցնենք, որ Էրդողանի այցի ժամանակ նրա կողմնակիցները հարձակվել են թուրքական դեսպանատան դիմաց խաղաղ ցույցի մասնակիցների վրա, որոնց մեջ եղել են հայեր, քրդեր, հույներ և ասորիներ և դաժան ծեծի ենթարկել։ Տուժել է 11 մարդ։
Ենթադրվում է, որ դրանք եղել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները։ Ձերբակալվել է 2 մարդ, իսկ ոստիկանությունը չի պարզաբանել՝ արդյո՞ք նրանք Էրդողանի անձնական անվտանգության աշխատակիցներն են։
Թուրքիայի դեսպանությունը հայտարարել է, թե «ցուցարարներն ագրեսիվ են պահել իրենց»։ Իսկ սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել Սպիտակ Տանը՝ վռնդե՛լ Թուրքիայի դեսպանին ԱՄՆ-ից։