211652_close_icon
views-count2707 դիտում article-date 10:30 16-05-2017

Պատասխանատվության բացակայությունից բխում է անտարբերությունը պետության հանդեպ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ամենակարևոր հարցը, որն առաջանում է խորհրդարանական և երևանյան ընտրություններից հետո, հետևյալն է. արդյոք մարդիկ իրենց հոժար կամքով գնում և ընտրում են ՀՀԿ-ի՞ն: Նայած, թե ինչն ենք մենք «հոժար կամք» անվանում: Մարդուն կանգնեցնում են ընտրության առաջ՝ վերցնե՞լ 10 հազար դրամը, թե՞ չվերցնել: Եթե նա չվերցնի, նրան կգնդակահարե՞ն, բա՞նտ կնետեն: Ըստ ամենայնի՝ ոչ: Պարզապես չվերցնելով՝ նա չի կարողանա հոգալ իր կես օրվա, մեկ օրվա կամ, ենթադրենք, մի քանի օրվա հոգսերը: Եթե մարդը կանգնած է ահա այսպիսի ընտրության առաջ, արդյո՞ք նրա ընտրությունն ազատ է: Իհարկե: Արդյո՞ք 10 հազար դրամից հրաժարվելը նրանից հերոսական ջանքեր է պահանջում: Հաստատապես՝ ոչ: Բայց նույնիսկ եթե մարդուն սպառնում է բանտ կամ գնդակահարություն, նա, միևնույն է, ազատ ընտրություն է կատարում: Ոչ ոք նրան չի կշտամբի, եթե նա ընտրել է կյանքն ու չազատազրկվելը, պարզապես արձանագրենք՝ նա նույնպես ընտրելու հնարավորություն ուներ: 1930-ական թվականներին ստալինյան և հիտլերյան ճամբարներում մարդիկ շարունակում էին ստեղծագործել, իրար ձեռք մեկնել, սիրահարվել՝ այդ մարդիկ ընտրություն էին կատարել, շատ ավելի ծանր ընտրություն, քան 10 հազար դրամ վերցնել-չվերցնելը: Բայց այն մարդիկ, որոնք «ժողովրդի թշնամիներին» գնդակահարում էին կամ տանում էին գազային խցիկներ, նույնպես ընտրություն էին կատարել: Ուզում եմ ասել՝ կյանքը միշտ ընտրություն է, իսկ ոչ տոտալիտար համակարգերում այդ ընտրությունն այդքան էլ դրամատիկ և ճակատագրական չէ, բայց էլի որոշակի ջանքեր է պահանջում: Ես այնքան էլ համաձայն չեմ, որ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ մարդիկ կհրաժարվեն ընտրակաշառք վերցնելուց: Ի՞նչ է, հիմա, 2017 թվականին, 10 կամ 20 հազար դրամ էին վերցնում միայն չքավորնե՞րը, ելք չունեցողնե՞րը: Ոչ, ես հակված եմ մտածելու, որ վերցրել են նաև միանգամայն կուշտ և սոցիալական շատ լուրջ խնդիրներ չունեցող մարդիկ: Վերցնում էին ոչ այն պատճառով, որ հակառակ դեպքում սովից կմահանային, այլ որովհետև դրա մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում՝ այդպիսին է վերջին 25 տարում ձևավորված մշակույթը: Ես դա անվանում եմ «խեղճության մշակույթ»: Մեզանում սիրում են ամեն պատեհ կամ անպատեհ առիթով բացականչել՝ «վայ, խեղճ ժողովուրդ», «ողբամ զքեզ, Երկիր հայոց» և այլն: Զոհի կերպարը ենթադրում է պատասխանատվության լիակատար բացակայություն: Պատասխանատվության բացակայությունից բխում է անտարբերությունը պետության հանդեպ: Իսկ եթե այդպես է, վերցնեմ այդ մի քանի կոպեկը, մեկ է՝ ինձնից ոչ մի բան կախված չէ: Սա էլ է ընտրություն: Դիրքորոշման, արժեքների ընտրություն է: Եվ, ինչպես ցանկացած այլ դեպքում, այդ ընտրությունն ազատ է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր