Ճապոնիայում գետնից 10 մետր բարձրությամբ և 100կմ/ժ արագությամբ թռչող մեքենա են նախագծում
Ճապոնական ավտոգիգանտ Toyota-ն հայտարարել է, որ աջակցում է թռչող ավտոմոբիլի նախագծի մշակմամբ զբաղվող ինժեներներին: Ընկերությունը 40 մլն իեն (352.400 դոլար) է հատկացնելու թռչող ավտոմեքենա նախագծող ստարտափին, որի գրասենյակը գտնվում է Ճապոնիայի Տոյոտա քաղաքից ոչ հեռու: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39915233]BBC[/url]-ին:
Հայտնի է, որ ինժեներներն օգտագործում են անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան: Թռչող ավտոմեքենան ունենալու է երեք անիվ և չորս պտտանիվ: Ստարտափում ներգրավված 30 ինժեներները հուսով են, որ կկարողանան իրենց ստեղծած թռչող ավտոմոբիլը օդ բարձրացնել 2020թ. Տոկիոյում տեղի ունենալիք ամառային օլիմպիադայի ժամանակ:
Հայտնի են նաև նախագծվող թռչող մեքենայի չափերը` 2,9 մետր երկարություն և 1,3 մետր լայնություն: Ինժեներներն ակնկալում են, որ ավտոմոբիլը կթռչի 100 կմ/ժ արագությամբ և գետնից 10 մետր բարձրության վրա:
Ճապոնիայից բացի այսօր թռչող մեքենաների նախագծմամբ են զբաղվում նաև Նիդերլանդներում, Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում: