«Գիշերային գայլերը» ծպտված մտել են Վրաստան, ծաղիկ դրել Անհայտ զինվորի հուշարձանին
Մայիսի 9-ին Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգի են այցելել ռուսական «Գիշերային գայլեր» խմբի բայքերները: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
«Գիշերային գայլերը» ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին: Իսկ լրագրողների հետ զրույցում նրանք հայտարարել են, թե Թբիլիսի են ժամանել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշելու նպատակով:
Վրաստանի «Օկուպացացված տարածքների մասին» օրենքը խախտելու վերաբերյալ հարցին ի պատասխան խմբի անդամներից մեկը նշել է, որ սահմանը հատելիս իրենց մոտ ոչ մի խախտում չի արձանագրվել:
Վրաստանի ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ Վրաստանի սահմանային անցակետերում ոստիկանությունը երկիր մուտք գործելու թույլատվություն չի տվել «Գիշերային գայլեր» խմբի ներկայացուցիչներին։
«Մայիսի սկզբից մինչ օրս «Գիշերային գայլերի» ավելի քան 100 մոտոցիկլիստներ իրավունք չեն ստացել մուտք գործել Վրաստան: Որոշ բայքերներ, սակայն, կարողացել են մուտք գործել Վրաստան առանց տարբերանշանների»,- նշվում է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: