211652_close_icon
views-count4267 դիտում article-date 17:16 07-05-2017

«Ամեն օր մեր զավակները հետ են մղում սահմանային ոտնձգություններն ու սադրանքները և անառիկ պահում հայրենիքի պաշտպանության դիրքերը». հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը

Այսօր՝ մայիսի 7-ին, Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Հայրապետական Սրբատառ կոնդակում ասված է. ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ, ԶՕՐԱՎԱՐԱՑ ԵՒ ԶՕՐԱՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ «Թող պարծենան Քեզանով Քո անունը սիրողները,քանզի Դու պիտի օրհնես արդարին. Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ» (Սաղ. Ե 12-13): Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից սաղմոսերգուի այս փառաբանութեամբ Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում համայն մեր ժողովրդին Յաղթանակի և խաղաղութեան օրուայ, Շուշիի ազատագրութեան և Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Ողջոյն ենք յղում Արցախի պետական այրերին, Պաշտպանութեան բանակի հրամանատարներին ու մարտիկներին և Արցախի հերոսական մեր ժողովրդին: Շուշիի ազատագրութեան լուսաւոր օրը մեր ժողովուրդը ապրեց լիառատ ուրախութիւն` ամրանալով հաւատքի, հայրենեաց սիրոյ և անվարան կամքի մէջ` յաղթական աւարտի հասցնելու Արցախի ազատագրական պայքարը: Ազատութիւնը, արդարութիւնը, խաղաղութիւնը նուիրական արժէքներ են քրիստոնեական կեանքում, որոնք վառ մնացին մեր ժողովրդի հոգում` հակառակ դարերով ապրած փորձութիւնների և մաքառումով գրուած մեր պատմութեան: Արցախեան ազատամարտում նոյնպէս մեր ժողովուրդը յանձն առաւ բազում զոհողութիւններ ու դիմակայեց բազում նեղութիւնների, հաւատով, որ Աստուած պիտի օրհնի իր արդար պայքարը: Մարտերի մէջ կազմաւորուեց, ամրացաւ ու զօրացաւ Արցախի Պաշտպանութեան բանակը, որն այսօր երաշխաւորն է Արցախի պետականութեան և ժողովրդի խաղաղ կեանքի: Պայքարը Արցախի ազատութեան համար, որ արևելեան մի փոքր տարածքն է պատմական մեր հայրենիքի, զօրացրեց սրտերը, համախմբեց ուժերը աշխարհասփիւռ մեր ժողովրդի զաւակների, ովքեր ոչինչ չխնայեցին Արցախի համար: Անկախ պետականութեան հաստատումից ի վեր ականատես ենք, թէ ինչպէս Արցախի ստեղծարար ու արի մեր ժողովուրդը ունենալով աջակցութիւնը Հայաստանի և Սփիւռքի, կառուցում է իր ազատ կեանքը և շէնացնում իր երկիրը: Կառուցապատուում և շէնանում է նաև Շուշին` պատմական ծաղկուն քաղաքն Արցախի: Բարձրանում են եկեղեցիները, դարաւոր վանքերն ու սրբատեղիները: Մեր ժողովուրդը նորոգում է քրիստոնեական իր կեանքը և հաւատով, որ Տէրն օրհնում է արդարին` ջանքեր է գործադրում հայրենի երկրի բարօրութեան և իր խաղաղ կեանքի ապահովման համար: Ամեն օր մեր զաւակները հետ են մղում սահմանային ոտնձգութիւններն ու սադրանքները և անառիկ պահում հայրենիքի պաշտպանութեան դիրքերը: Այս պանծալի օրը, երբ անդրադառնում ենք Պաշտպանութեան բանակի յաղթանակներին, հերոս մեր զաւակների սխրանքներին, Արցախի ազատ ու խաղաղ կեանքի ձեռքբերումներին, սաղմոսերգուի հետ փառաբանում ենք Աստծուն. «Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ»: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Տիրոջ պարգևած հոգևոր սպառազինութիւնը մեր հոգիները զօրացնող հաւատքն է, մեզ շնորհուած Սուրբ Աւետարանը, մեր սէրը միմեանց հանդէպ, մեր նուիրումը մեր հայրենիքին ու ժողովրդին, մեր հոգու ազնուութիւնը, ձգտումը խաղաղութեան ու արդարութեան, որոնք առաջնորդում են մեզ արժանաւոր կեանքի ու գործերի: Այդ հոգևոր ներուժով և արժէքներով են կերտուել մեր յաղթանակներն ու ձեռքբերումները, որոնք պարտաւոր ենք պահպանել ու բազմապատկել: Մայիսի 9-ի այս տօնական օրը յիշենք հայազգի, նաև Արցախի զաւակ փառապանծ զօրավարներին ու զինուորներին, ովքեր Երկրորդ աշխարհամարտում նպաստ բերեցին յաղթանակի կերտման և խաղաղութեան հաստատման գործին: Աղօթքով յիշենք Արցախի ազատագրութեան և խաղաղ կեանքի համար զոհուած մեր ժողովրդի քաջարի զաւակներին, որոնց անունները պիտի ապրեն սերնդէ սերունդ: Այս յիշարժան օրը, սիրելիներ, Արցախի Պաշտպանութեան բանակին ենք շնորհում խաչվառ` պատկերով Սուրբ Գրիգորիս Պարթև արքեպիսկոպոսի: Նա շնորհաշատ ու քաջահոգի թոռն էր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի և շատ երիտասարդ հասակում առաջնորդութեան կոչուեց Արցախում ու յարակից շրջաններում և իր առաքելութեան մէջ նահատակուեց անհաւատներից: Աշակերտները նրան հողին յանձնեցին Արցախում, և նրա գերեզմանին կառուցուեց Ամարասի վանքը, որը մեր ժողովրդի համար նուիրական սրբավայր է և ուխտատեղի: Մեր աղօթքն ու մաղթանքն է, որ Քրիստոսի նահատակ վկայ Սուրբ Գրիգորիսի բարեխօսութեամբ Տէրը խաղաղութիւն պարգևի Արցախ աշխարհին, ոգով արի, բազկով անյաղթ պահպանի Արցախի Պաշտպանութեան բանակը և բոլոր զօրահրամանատարներին ու զինուորներին անփորձանք պահի իրենց պանծալի ծառայութեան մէջ: Աղօթք ենք բարձրացնում, որ Աստուած Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ խաղաղ պահի համայն մեր ժողովրդին ի սփիւռս աշխարհի և պահպանի ամուր հաւատքով, սիրով ու միասնական` կերտելու բարօրութիւնը հայրենի երկրի, իրագործելու ազգային իղձերը և միշտ օրհներգելու` «Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ. Թող պարծենան Քեզանով Քո անունը սիրողները, քանզի Դու պիտի օրհնես արդարին»:

Նմանատիպ նյութեր