211652_close_icon
views-count39178 դիտում article-date 10:46 04-04-2017

«Ելք»-ին ձայն տված 122 հազար քաղաքացիներն իրենց հիասթափված և խաբված չեն զգում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Այս խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրվեց մի փաստ, որն, իմ կարծիքով, պատմական է. ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները ուղղակիորեն և միջնորդավորված ձևով հայտարարեցին, որ ընդունում են ընտրությունների արդյունքները։ Բացառություն է թերևս ՕՐՕ-ն, որը, հավաքելով ընտրողների ձայների 2 տոկոսը, հավանաբար, ենթադրում է, որ արդար ընտրությունների դեպքում կհավաքեր 50 +1-ը։ Բայց նույնիսկ ՕՐՕ-ն, որքան գիտեմ, չի դիմել վերահաշվարկի պահանջով։ Մնացածը՝ «Ելք»-ը և ՀՎԿ-ն՝ ուղիղ տեքստով, իսկ «Ծառուկյան» դաշինքն ու Կոնգրեսը՝ իրենց հայտարարությունների ենթատեքստով, հասկացնել են տալիս, որ իրենց հետագա գործունեության ժամանակ ելնելու են փաստացի ստեղծված իրավիճակից։ (Առաջին նախագահի արձագանքում կար նաև հետևյալ երանգը՝ «Այ, եթե ինձ չլսեք, կտեսնեք ձեր հալը», բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում)։ Ո՞ր պարագայում է մարդն ընտրություններից հետո դուրս գալիս փողոց։ Ակնհայտ է՝ այն դեպքում, երբ վստահ է, որ իր ձայնը գողացել են։ Եթե նա վաճառել է ձայնը ՀՀԿ-ին կամ «Ծառուկյան» դաշինքին, ապա տեսականորեն կարող է հրապարակում ինչ-որ բաներ վանկարկել, բայց դա «սրտանց» չի անի։ Խոհանոցում, Ֆեյսբուքում նա, անշուշտ, կբողոքի, նույնիսկ գուցե՝ կհայհոյի։ Շատ հավանական է, որ կարտագաղթի։ Բայց նա չի պաշտպանի իր քաղաքացիական իրավունքները։ Այդ հարյուր հազարավոր ընտրողները, ինչպես ասում են, «համապատասխան» ձայները տվել են հիշյալ երկու ուժերին և բողոքելու տեղ չունեն: «Ելք»-ին ձայն տված 122 հազար քաղաքացիներն իրենց հիասթափված և խաբված չեն զգում։ Այդ մարդկանց կարելի է մոբիլիզացնել, որպեսզի այդ քաղաքական ուժը ընդդիմադիր գործընկերների հետ հասնի որոշակի իրական փոփոխությունների: Համակարգը խորհրդարանական է, բազմաթիվ որոշումների համար անհրաժեշտ կլինի որակյալ մեծամասնություն, և, հետեւաբար, բազմաթիվ օրենքներ ընդդիմությունը կարող է պարտադրել՝ որպես «փոխհատուցում» այդ՝ «կոնսենսուսային» որոշումների ընդունման դիմաց: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա՝ այդպիսիք են քաղաքական խաղի կանոնները: Այն, որ մի շարք կուսակցություններ որոշել են խաղալ այդ կանոններով, միայն ողջունելի է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր