Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումներն է իրականացրել, որոնք ավարտվել են անհաջողությամբ։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն հղում անելով ամերիկյան ու հարավկորեական զինվորականներին։
ԱՄՆ-ի՝ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության փոխանցմամբ՝ հրթիռներից մեկը պայթել է արձակումից վայրկյաններ անց։
Սեուլում նույնպես հաստատել են այդ տեղեկությունը, սակայն հավելել, որ չգիտեն, թե Փհենյանը քանի և որ տիպի հրթիռ է արձակել։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին հյուսիսկորեացիները միանգամից 4 բալիստիկ հրթիռ էին արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հրթիռներից երեքն ընկել էին Օգա թերկղզուց 300-500 կմ հեռավորության վրա։