211652_close_icon
views-count15176 դիտում article-date 19:32 18-03-2017

LoveArmenia-ի լոգոյով կոնֆետները սննդամթերք չեն, այլ՝ քարոզչական նյութ. ԿԸՀ

Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզչական կայքի՝ LoveArmenia-ի լոգոյով մարդկանց բաժանված կոնֆետները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոչ թե սննդամթերք են, այլ քարոզչական նյութ, ինչպես որ քարոզչական նյութ են համարվում լոգոյով գրիչների, կրիչների, կրակվառիչների, շարֆերի և այլ՝ տպագիր քարոզչական նյութերը: Այս մասին այսօր ԿԸՀ արտահերթ նիստում «Իրազեկ քաղաքացիների միավորում խորհրդատվական հասարակական կազմակերպության» դիմումի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Տիգրան Մուկուչյանի տեսակետին հակադարձեց ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան, ասելով, որ, եթե քարոզչական նյութ է, ուրեմն՝ թող միայն թղթերը բաժանվեն, ինչին էլ Մուկուչյանը հակադարձեց, թե՝ «ոնց եք պատկերացնում ռեալ կյանքում թղթիկը բաժանել առանց կոնֆետի»: Ամեն դեպքում, ՀԿ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ կոնֆետը սննադամթերք է՝ կոնֆետ, ոչ թե քարոզչական նյութ: Իսկ տարբերությունը՝ քարոզչական նյութ, թե սննդամթերք, ըստ նրա, հսկայական է, քանի որ, եթե քարոզչական նյութերի տարածման մեջ որևէ արգելք չկա, ապա նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը ԿԸՀ-ից պահանջել էր, որպեսզի ԿԸՀ-ն ՀՀԿ-ին պարտադրի ողջամիտ ժամկետում դադարեցնել սննդամթերքի բաժանումը:

Նմանատիպ նյութեր