211652_close_icon
views-count38431 դիտում article-date 12:45 17-10-2026

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի կենտրոնում․ 2-րդ օրն է ՝ խմելու ջրի խողովակը Վարդանանց փողոցում վնասվել և ջուրը ողողել է մոտ 1 կմ ճանապարհ, իսկ «Վեոլիա Ջուրը» երեկվանից դեռ չի բարեհաճում ժամանել վթարի վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Արդեն երկրորդ օրն է՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի սրտում՝ Սախարովի հրապարակից դեպի Վարդանանց փողոց տանող ճանապարհին խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը ողողել է ամբողջ փողոցը և, մոտ 1 կմ հոսելով, հասնում է Խանջյան փողոց։ 

Ինչպես տեղից հայտնում է Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում նկատել են վթարը ու անմիջապես ահազանգել «Վեոլիա Ջուր», որտեղից պատասխանել են, թե խումբը կմոտենա, ու դեռ 2-րդ օրն է՝ մոտենում է։

«Հավանաբար «Վեոլիա Ջրի» աշխատակիցները մոլորվել են, նրանց հայտնաբերելու համար դիմենք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանը, իսկ ավելի լուրջ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը պետք է րոպեներ առաջ շատ խիստ հանձնարարական տան «Վեոլիա Ջրին» և պարտավորեցնեն, որպեսզի վթարը վերացվի, իսկ թե ում քթերից են բերելու խմելու ջրի կորուստը, երևի մեր՝ հասարակ քաղաքացիներիս»։

Ֆոտլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում մի քանի տեղից է ջուրը դուրս գալիս ու, եթե այսպես շարունակվի, այն կսկսի այլ վայրերից էլ դուրս հորդել ու ջրի կորուստը էլ ավելի կմեծանա։ Հուսանք, որ Երևանի քաղաքապետարանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և «Վեոլիա Ջուրը» շատ արագ կգործեն, նամանավանդ, որ նշված ճանապարհով նաև բեռնատարներ են անցնում, ինչը նաև առաջացնում է ճանապարհի փլուզման վտանգ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

14։00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի գլխավորությամբ «Վեոլիա Ջուր» ընկերության Կենտրոնի մասնաճյուղի աշխատակիցները ժամանեցին նշված վայր և սկսեցին վթարավերականգնողական աշխատանքները։

Տեղում «Վեոլիա Ջուրը» ընկերության աշխատակիցերի անվտանգության ապահովման համար ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով, նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ՝ պարեկները նշված վայրում կայանված ավտոմեքենաների վարորդներին հանձնարարեցին ավտոմեքենաները հեռացնել, որից հետո «Վեոլիա Ջրի» աշխատակիցները գործի անցան․ նախ ջրազրկեցին տարածքը, ապա վերացրեցին խնդիրը։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պ․ Պետոյանի հանձնարարականով Կենտրոնի թաղապետարանի աշխատանքները տեղում ղեկավարում էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի` Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Դավիթ Հովհաննիսյանը։


 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր