211652_close_icon
views-count3212 դիտում article-date 17:50 11-03-2017

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասն այսուհետ ԵՊՀ պատվավոր դոկտոր է

Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող հույն պաշտոնյան այցելեց նաև ԵՊՀ, հանդիպեց ուսանողների հետ, հանդես եկավ դասախոսությամբ և պատասխանեց նրանց հարցերին: Մայր բուհում նրան ուղեկցում էր իր հայաստանցի կոլեգան՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, հակիրճ ներկայացրեց համալսարանի պատմությունը՝ նշելով, որ շուտով մեծ շուքով նշվելու է բուհի հիմնադրման 100-ամյակը, խոսեց նաև Հունաստանի ուսումնական հաստատությունների հետ ունեցած կրթական և գիտական կապերի մասին: «Երևանի պետական համալսարանը տարիներ ի վեր համագործակցում է հունական մի քանի համալսարանների հետ: Հունաստանի Արիստոտելի համալսարանի հետ համագործակցության շնորհիվ մեր ուսանողներն այնտեղ մասնակցել են հունարեն լեզվի դասընթացների»,- նշեց պարոն Սիմոնյանը՝ թվարկելով գործակցության այլ ուղղություններ ևս: Այնուհետև Հունաստանի ԱԳ նախարարը մոտեցավ ամբիոնին, որտեղից էլ խոսեց Հունաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունների, Եվրոպական միության առջև ծառացած խնդիրների, ինչպես նաև Հայաստանն ու Հունաստանն իրար կապող հեռանկարային ուղղությունների մասին: Խոստովանեց նաև, որ քաղաքական գործունեության ընթացքում կարոտել է ուսանողների հետ շփումն ու քննարկումները: Ապա հույն նախարարի ելույթին հաջորդեց պարգևատրման արարողությունը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան հանձնեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման հավաստագիրը՝ հասարակական և քաղաքական ասպարեզներում ակնառու նվաճումների, ՀՀ և Հունաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Այնուհետև պարոն Կոցիասը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային ասպարեզում կոնֆլիկտային որոշ խնդիրների, Հունաստանի և ԵՄ հարաբերություններին և այլն: Ուսանողուհիներից մեկն էլ հարց-առաջարկ ուներ նրան՝ հնարավո՞ր է արդյոք կրթաթոշակ տրամադրել հայ ուսանողներին Հունաստանում սովորելու կամ փոխանակման ծրագրերի մասնակցելու համար, ինչին նախարարը դրական պատասխան տվեց և խոստացավ հետևողական լինել: Նշենք, որ մինչ ԵՊՀ այցելելը Նիկոս Կոցիասը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նմանատիպ նյութեր