211652_close_icon
views-count526 դիտում article-date 21:02 16-10-2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին: Ողջունելով գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը, նշեց, որ Հունաստանի ԱԳ նախարարի այցն արտացոլում է երկու ժողովուրդների միջև դարավոր հարաբերությունների բարեկամական, եղբայրական բնույթն ու վերահաստատում փոխադարձ հանձնառությունը՝ առավել խորացնելու առկա փոխգործակցությունը՝ շփումների և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման միջոցով: «Ձեր այցը տեղի է ունենում մեզ համար մարտահրավերներով լի մի շրջանում, երբ մեր հայրենակիցներն Արցախում առերեսվում են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որն ուղեկցվում է երկու նոր գործոններով. Ադրբեջանին Թուրքիայի գործուն անվերապահ աջակցությամբ և վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչներ տեղափոխմամբ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: Գործընկերները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը Միջերկրածովյան հիմնահարցի վերաբերյալ՝ իր աջակցությունը և համերաշխությունը հայտնելով Հունաստանին և Կիպրոսին: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսևորումները լուրջ սպառնալիք են թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ առումներով և հող են նախապատրաստում անկայունության նոր օջախների ձևավորման համար: Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հունաստանի կարևոր դերակատարությունը Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության օրակարգում և աջակցությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շուրջ, հատկապես՝ խաղաղապահության ոլորտում: Անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ հարթակներում երկու երկների միջև հաստատված համագործակցությանը: Երկուստեք վերահաստատվեց միջազգային հարթակներում փոխաջակցության առավել խորացման պատրաստակամությունը: Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրն առավոտյան Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

Նմանատիպ նյութեր