211652_close_icon
views-count2218 դիտում article-date 11:07 02-03-2017

Խնդիրն այն նպատակներն են, որոնք իր առջև դրել է հասարակությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Հոռետեսների մտավախությունները հիմնված են նրա վրա, որ, նրանց կարծիքով, կձեռնարկվեն ազատ ընտրությունները խոչընդոտելու փորձեր: Պատգամավորության թեկնածուների առաջքաշումը տեղի է ունենալու ապարատի թելադրանքով. հիմնարկների, ձեռնարկությունների ղեկավարները, չարաշահելով իրենց իշխանությունը, պիտի աշխատեն առաջ քաշել յուրայիններին՝ իրենց ղեկավարած կոլեկտիվներում, հասարակության իրավունքներն ընտրատեղամասերում արհամարհվելու են, ապարատին հաճո թեկնածուներն առաջադրվելու են հեռավոր գյուղական շրջաններում եւ այլն»: Բավականին արդիական է հնչում, այդպես չէ՞: Բայց դա մեջբերում է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հոդվածից, որը նա գրել էր 1990 թվականի մարտի 2-ին «Կոմունիստ» թերթում (ուղիղ 27 տարի առաջ): Հիշեցնեմ, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները կայացան երկու փուլով՝ 1990 թվականի մայիսի 20-ին և հունիսի 3-ին: Այդ ընտրություններում ՀՀՇ-ն տպավորիչ հաջողության հասավ, սակայն ձևականորեն կոմունիստները մեծամասնություն ունեին: Բայց «ապարատի» պատվիրակների մի մասը շատ արագ հասկացավ, թե որտեղից է քամին փչում, և ի վերջո հրաժարվեց կոմունիստական դավանանքից, որից (հանուն արդարության նշենք) առանձնապես կառչած էլ չէր: Իսկ երբ ասում եմ «փչող քամու» մասին, բնականաբար, նկատի ունեմ հասարակական կարծիքը, որն այն ժամանակ իսկապես կոնսոլիդացված էր, բայց ոչ թե կոմունիստների դեմ՝ շատ-շատերը հենց այդ կուսակցության անդամներն էին, այլ՝ Արցախը հայաթափումից փրկելու գաղափարի շուրջ: 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգով, կոմունիստական անհեթեթ օրենքներով, առանց Վենետիկի հանձնաժողովի հավանության, առանց միջազգային և տեղական դիտորդների անցկացրած ընտրությունները, ինչպես և նշում է սոցիոլոգը, բոլոր շանսերն ունեին դառնալու անարդար, ձեւական, փակուղային: Բայց դրանց մասին 27 տարի անց մենք խոսում ենք որպես հայոց ժողովրդավարության բարձրակետ: Խնդիրը, հետևաբար, ոչ թե օրենքն է, ոչ թե դիտորդները և նրանց զեկույցները, ոչ էլ այն, որ կոմունիստները բարի էին ու չէին կառչում իրենց աթոռներից, իսկ հետագա բոլոր իշխանությունները չար են ու կառչում են: Խնդիրն այն նպատակներն են, որոնք իր առջև դրել է հասարակությունը: Եթե նպատակը «օր առաջ այս հանցավոր ռեժիմից ազատվելն է», ինչպես որ դա սիրում են ձևակերպել ընդդիմադիրներն արդեն երկու տասնամյակից ավելի, ապա դա չի աշխատում, և «ապարատը» կանի այն, ինչ սովորաբար անում է: Եթե խնդիրը հոտի նման փրկչի և հրաշագործի հետևից գնալն է, ապա դա էլ չի աշխատի: Որևէ լուրջ նպատակ ձևակերպելու համար մեր քաղաքական գործիչները պետք է հինգ տարի աշխատեն հասարակության հետ եւ ունենան ինտելեկտի որոշակի մակարդակ: Աշխատավարձ բարձրացնելու, արագաչափերը վերացնելու կամ բանակ չտանելու խոստումները հաշիվ չեն»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր