Հայաստանում էլ ադրբեջաներեն են սովորում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է ինչպես են ադրբեջանցի ուսանողները հայերեն սովորում։ 2016 թվականի մայիսին արված տեսանյութում ուսանողները հայերենով են քննարկում օրվա դասի թեման և դաս պատասխանում։
Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց տեսանյութի վերաբերյալ։ «Բաքվի պետական համալսարանն է. պատմության ֆակուլտետի կովկասագիտության ամբիոնը»,– ասաց նա։
Հայաստանում ադրբեջաներեն է դասավանդվում։ Ինչպես նշում է Վրթանեսյանը, նման առարկա կա Երևանի պետական համալսարանում, բացի այդ 2016 թվականի մարտից ադրբեջաներենի դասընթացներ է կազմակերպում «Ռազմինֆոն»։
«Դասընթացներին մասնակցում են ուսանողներ, լրագրողներ, արևելագետներ կովկասագետներ, քաղաքագետներ: Ընդհանրապես փորձում ենք համակարգված հիմքի վրա դնել ուսուցումը։ Այդ աշխատանքի շրջանակներում նաև ստեղծվեց ու հրապարակվեց ռազմական եզրերի ադրբեջաներեն-հայերեն. հայերեն-ադրբեջաներեն համառոտ բառարան։ Ու արդեն աշխատում ենք նոր ավելի ընդլայնված հրատարակության վրա»,- ասաց Վրթանեսյանը։
Ապրիլից ադրբեջաներենով հետաքրքրվողների մի նոր խմբի հետ սկսվելու են դասընթացները։ Խմբերում լինում են 10-12 հոգի։ Ինչպես տեղեկացնում է Կարեն Վրթանեսյանը, ոչ բոլորն են ավարտում։ Ներածական դասընթացը տևում է 1,5-2 ամիս, կախված խմբից։ Հետո արդեն դասախոսներն անհատական աշխատում են ընտրված մարդկանց հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]