ՀՀԿ-ականների միջև լարված վիճակ է. Արայիկ Գրիգորյանը հայտարարել է, որ անձամբ է պատժելու Մուրադյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների՝ ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների մասնակցությամբ նախօրեի գիշերը Մասիսում մեծ ծեծկռտուք է եղել։ Սա այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում՝ հենց Մուրադյանի շտաբի կողքին։
Մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքեր Ավշարի շրջանում, Մուրադյանը՝ Մասիս քաղաքում։ Բայց Գրիգորյանը խախտել Է պայմանավորվածությունը։ Տեսնելով մրցակից թեկնածուի շտաբը՝ Մուրադյանի կողմնակիցները հարձակվել ու ծեծել են Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներին։
Ըստ ամենայնի, այս պատմությունը դեռ շատ է «ջուր քաշելու»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանը նախօրեի գիշերը Մասիսում հրապարակավ հայտարարել է, որ իր շտաբի վրա հարձակում կատարած անձինք պատասխան են տալու, և ինքն անձամբ է պատժելու Մուրադյանին։ Ու չի բացառվում, որ այստեղ բանը հասնի արյունահեղության։ Հետաքրքիր է՝ նա իր սպառնալիքները կիրագործի, թե կնահանջի՝ ենթարկվելով «թեման կուլ տալու» պահանջներին։
Նշենք նաև, որ ՀՀԿ-ականների միջև լարված վիճակ է Հայաստանի մյուս ընտրատարածքներում ևս, թեև գործը դեռ բռունցքներին չի հասել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]