Էրդողանի մամուլի քարտուղար. «Թուրքիային գովեստի խոսքեր շռայլելու փոխարեն Իրանը միայն քննադատություններ է հնչեցնում»
Թուրքիային շարունակում է մտահոգել Սիրիայի տարածքում իրանական զորքի առկայությունը, չնայած նրան, որ իրանցի զինվորականները Սիրիայում են տեղի իշխանությունների խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։
«Փաստարկներն այն մասին, որ նրանք Սիրիայի տարածքում են գտնվում տեղի իշխանությունների խնդրանքով, մեզ համար ոչ մի արժեք չունի»,-ասել է Քալինը։
Վերջինս հավելել է, որ «սիրիական ժողովրդին օգնելու» համար Թուրքիայի հասցեին գովեստի խոսքեր շռայլելու փոխարեն Իրանի իշխանությունները միայն քննադատություններ են հնչեցնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հենց Իրանն է պատասխանատու Մերձավոր Արևելքում լարվածություն ու անկայուն իրադրություն ստեղծելու մեջ և Թեհրանից կառուցողական քայլեր ակնկալել քաղաքականությունը փոխելու հարցում։ Թեհրանն էլ անպատասխան չէր թողել Անկարայի հիստերիան՝ Թուրքիային մեղադրելով «կայսրության վերականգնման» ու ահաբեկչական խմբավորումներին աջակցելու երազանքների փայփայելու մեջ և խորհուրդ էր տվել՝ չստուգել Իրանի համբերությունը։