2383 դիտում
11:01 24-01-2017
Պոպուլիզմի «մարսելի լինելը» պայմանավորված է ուղեղի ծալքերի սակավությամբ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները վաճառում են այն, ինչ «սպառողները» (քաղաքացիները) գնում են: Հայաստանում այդ «ապրանքը» հայտնի է` «ժողովուրդ ջան, էս իշխանավորները քեզ թալանում են, երկիրը կործանում են, դուք աղքատ եք, նրանք հարուստ են, ժողովրդի արյունը ծծում են, այ, որ մենք գանք, ամեն ինչ կդզենք, որովհետև մենք ազնիվ ենք, իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին»:
Ընդ որում, դա ասում են նաև նրանք, ովքեր 10 կամ 20 տարի մեղադրվում էին «արյուն ծծելու» և «իշխանությունը զավթելու» մեջ: Բայց արի ու տես, որ Միացյալ Նահանգներում, որտեղ ՀՆԱ-ի՝ մեկ շնչին ընկնող եկամուտը Հայաստանից 18 անգամ բարձր է, նույնն է: Տեսեք, թե ինչ է ասում ԱՄՆ նորընտիր նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը. «Մենք այժմ ժողովրդին ենք վերադարձնում իշխանությունը, որը երկար ժամանակ իրենց ձեռքում են պահել Վաշինգտոնի քաղաքական գործիչները: Չափազանց երկար ժամանակ Վաշինգտոնի քաղաքական գործիչների ոչ մեծ խումբ բարգավաճել է, այն դեպքում, երբ ժողովուրդը տառապել է: Վերնախավը պաշտպանել է իրեն, ոչ թե ժողովրդին: Նրանց հաղթանակները չեն դարձել ձեր հաղթանակները, նրանց հաղթարշավները չեն դարձել ձերը:
Ոչ հարուստ ընտանիքները տառապել են: Երդվում եմ՝ դա կփոխվի»: Այնտեղ էլ են, պարզվում է, «աղքատները» տառապում` չնայած այդ «աղքատների» եկամուտը անհամեմատելի է այստեղի աղքատների եկամտի հետ: Այնտեղ էլ էր երկիրը կործանվում, տնտեսությունը վարի էր գնում, բանակը թուլանում էր: Մի խոսքով՝ ԱՄՆ «հանցավոր ռեժիմը» երկիրը քանդում էր, բայց ահա եկավ «ազգի դարդուցավով տապակվող» Թրամփը, որն, իհարկե, պետության բոլոր խնդիրները կլուծի, հարուստներից (բացի իրենից) ամբողջ հարստությունը կխլի ու կբաժանի աղքատներին: Այստեղից եզրակացություն. պոպուլիզմն «ուտվում է» ոչ միայն այն ժամանակ, երբ քաղաքացիներն աղքատ են և չեն կարողանում մուծել, ասենք, կոմունալ վարձերը: Պոպուլիզմի «մարսելի լինելը» պայմանավորված է ոչ թե ստամոքսի, այլ գլխի դատարկությամբ, ուղեղի ծալքերի սակավությամբ: Իսկ դատարկ գլխով մարդկանց պակաս չկա ոչ մի երկրում, և այդպիսիները հեշտությամբ կուլ են տալիս պոպուլիստների խայծը` «ով ժողովուրդ, դու տառապում ես, և ես եկել եմ քեզ այդ տառապանքներից ազատելու»:
Իրականում` եթե որևէ մեկը որևէ պատճառով տառապում է, ապա` միայն իր խելքից: Պոպուլիզմը կարող է լինել ոչ միայն սոցիալական, այլև ազգայնական, ռասիստական` «էս թմրամոլ մեքսիկները եկել-լցվել են մեր երկիր», սեքսիստական` «էս կանայք միայն մի բանի են պետք» և այլն: Հիմա մենք ապրում ենք պոպուլիզմի դարաշրջանում. մոտավորապես նույն վիճակն է Բրիտանիայում, Լեհաստանում (որտեղ ղեկավարությունը սարսափելի չի սիրում ռուսներին, բայց կիրառում է պուտինյան քարոզչական բանաձեւերը), Ավստրիայում, Հունգարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում: Դրա «հակաթույնը» մտավոր վերնախավ ունենալն է, որը կասի` «մարդիկ, մի՛ հավատացեք այդ հեքիաթներին»: Միայն թե պետք է չվախենալ դա ասել:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4152 դիտում
23:28 09-03-2020
«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու. Aravot.am
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը