20424 դիտում
21:31 22-12-2016
Արցախի Մեծ Շեն գյուղի բնակիչները նշեցին իսկական Հայի, Մեծ բարերարի ծննդյան օրը. Քեզ բացակա չենք դնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանը կդառնար 83 տարեկան: Հարուստ կենսագրությամբ այս մարդուն այսօր բացի հարազատներից կարոտում են նրա ընկերերը, այն կոլեկտիվը, որի հետ տասնամյակներ շարունակ աշխատել է Եսայանը: Բոլորովին վերջերս` դեկտեմբերի 3-ին, վերաբացվեց ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան` զինված նոր ու ժամանակակից սարքավորումներով: Հենց այդ օրն էլ առիթ ունեցանք շփվելու Եսայանի գործընկերների հետ, որոնք ժամերով պատմում էին նրա մասին` ամեն մեկը յուրովի արձանագրելով` ինչ է իրեն սովորեցրել Եսայանը: Ընդգծենք, որ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից:
Հիշեցնենք նաև, որ Կառլեն Լազարի Եսայանը ծնվել է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: Իր ծննդավայրում Եսայանը բազմաթիվ բարեգործությունների ու արժեքավոր նախաձեռնությունների հեղինակ է: Հարկ է նշել, որ Մեծ Շեն գյուղում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին՝ շրջապատված խաչքարերի պուրակով: Կառուցվել և 2011 թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը՝ արձանախմբերով (ֆիդայու, Պըլը Պուղու, և այլն)։ Կառուցվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը՝ հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան, դպրոցն անվանակոչել են Կառլեն Եսայանի անունով:
Այս տարի հոկտեմբերի 15-ին նրա ծննդավայրում Եսայաններ գերդաստանի հովանավորությամբ բացվեց «Մանթաշ» հյուրանոցը: Բացման արարողությանը ներկա էր գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որը բազմաթիվ հյուրերի ու գյուղացիների ուղեկցությամբ շրջել էր նորակառույց շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և իր երախտագիտությունն էր հայտնել Եսայանների ընտանիքին Մարտակերտ քաղաքում և Մեծ Շեն գյուղում մի շարք նախագծերի իրականացման և Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար: Բակո Սահակյանը բարձր էր գնահատել նրանց մշտական աջակցությունն Արցախին: Նկատենք, որ Մեծ Շեն գյուղում Եսայանները կառուցել են մշակույթի տուն, բարերար Կառլեն Եսայանի հուշարձանին և Սուրբ Գևորգ եկեղեցուն կից երիցատուն: ՀՀ վաստակավոր բժշկի հիշատակն այստեղ հավերժացնում է իր իսկ ծննդավայրում տեղադրված կիսանդրին:
Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ Կառլեն Եսայանը 1951-1953 թթ. սովորելով Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում, այնուհետև աշխատել է Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ Իր մանկավարժական գործունեությունը Եսայանը ընդհատել է` 1954-1957 թթ. ծառայելով Խորհրդային բանակում։ Այնուհետև մեծ բարերաը կրկին վերադարձել է դպրոց` 1958 թ. աշխատելով Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցում։
Կառլեն Եսայանը 1958-1964 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ Հենց այստեղից էլ սկսվել է նրա` որպես բժշկի մասնագիտական կարիերան: Ընդգծենք, որ 2006 թ. Կառլեն Եսայանն ընտրվել է Եվրոպայի Ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ։ Զուգահեռաբար վերջինս կնոջ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանի հետ միասին, տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ է իրականացրել Հայաստանում և Արցախում: Եսայանը բազմաթիվ պարգևների ու կոչումների է արժանացել:
Անսահման բարությամբ ու մարդկանց օգնելու պատրաստակամությամբ օժտված ամուսինների նախաձեռնություններից հատուկ ուշադրության է արժանի հետևյալը. 2004-2011 թթ. ընթացքում Մեծ Շեն գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները տրամադրել են դրամական նվիրատվություն՝ աջակցելով հայրենի գյուղի երիտասարդ ընտանիքներին:
Կառլեն Եսայանի ու նրա տիկնոջ բարեգործական գործունեությանը [url=http://newsbook.am/?p=96482%2Fkarlen+esayanin+erbeqvo%D6%82+erbeq+bacaka+chen+dnelu+aysor+nra+cndyan+taredardzn+e+lusankarner&l=am]NewsBook[/url]-ը պարբերաբար անդրադարձել է: Մի առիթով նկատել էինք. Հայաստանում տեղացի բարեգործների ու դրսի բարերարների կողքին ապրում են արժանապատիվ մարդիկ, որոնց համար բարերար լինելը ոչ թե կոչում է, այլ կենսակերպ, բնականոն իրողություն, որտեղ ներդաշնակվում են կարևոր արժեքներ: Խոսքը վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների մասին էր. այն, ինչ արել են ամուսինները, արել են բացառիկ համեստությամբ, առանց աղմուկի և շնորհակալական բարձրագոչ կոչերի:
Կառլեն Եսայանն այսօր մեզ հետ չէ, բայց նրա մասին հիշողություններն ապրեցնում են նրան մեր մտքում ու սրտերում: Ովքեր առիթ են ունեցել ճանաչելու Կառլեն Եսայանին երբեք ու երբեք նրան բացակա չեն դնելու:
Հ. Գ. Օրվա վերջում տեղեկացանք, որ Կառլեն Եսայանի ծննդյան տարեդարձը հանդիսավորությամբ են նշել Մեծ Շենի բնակիչները: NewsBook-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Սամվել Խուրշուդյանը պատմեց հետևյալը. «Ես իրեն ձյաձ Կառլեն էի ասում...մեր մեծ բարերարն է ու բարեկամը: Իր ծննդյան տարեդարձը տոն է բոլորիս համար` մեծից փոքր: Եսայաններն են վերակառուցել մեր գյուղի դպրոցը` հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան, դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով: Նրա անվան դպրոցում այսօր վաղ առավոտից աշակերտներն ու ուսուցչական կոլեկտիվը ծաղկեպսակներով են զարդարել Կառլեն Եսայանի կիսանդրին: Այնուհետև դպրոցում միջոցառում է տեղի ունեցել, որի շրջանակներում աշակերտներն իրենց խոսքով հիշել են մեծ բարերարին ու լավ քաղաքացուն: Միջոցառումները շարունակվել են Եսայանների կառուցած մշակույթի տանը: Մշակույթի այս օջախում առաջին անգամ է միջոցառում կազմակերպվել ու դա եղել է Կառլեն Եսայանի պատվին: Այստեղ էլ հիշել են նրան` երգեր ու բանաստեղծություններ ձոնելով: Մասնավորապես` առաջին անգամ այս մշակույթի տանը տեղի է ունեցել Մարտակերտի շրջանային համերգը, որը նվիրվել է Եսայանի հիշատակին: Այնուհետև գյուղացիներով են հավաքվել Կառլեն Եսայանի արձանի մոտ, պատվել են մեծ բարերարին` ծաղիկներ բերելով նրան: Պատմվել են պատմություններ Կառլեն Եսայանի մասին, ու կարծես ողջ օրը գյուղով նշել ենք նրա ծննդյան տարեդարձը»:
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի կոլեկտիվը ևս նշել է ՀՀ վաստակավոր բժշկի 83-ամյակը: NewsBook-ի հետ զրույցում Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը ասաց. «Մենք Կառլեն Եսայանի ծննդյան արարողությունը նշել ենք ամեն տարվա նման. գնացել ենք իր շիրիմին, այնուհետև Նանսենի անվան այգում գտնվող Եսայանների կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմ ենք վառել ու եկել ենք մեզ մոտ: Այս տարի արդեն վերակառուցված մեր դահլիճում ցերեկույթի ենք մասնակցել: Դիտել ենք Կառլեն Եսայանի մասին պատրաստված ֆիլմը, այնուհետև կոլեկտիվից ով ցանկություն է հայտնել` խոսել է: Բազմաթիվ պատմություններ ու հիշողություններ պատմվեցին: Ողջ օրը նա մեզ հետ է եղել»:
Մեծ շենից լուսանկարները NewsBook-ին տրամադրել են Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի մեր գործընկերները:
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի՝ օրվա լուսանկարներն ու տեսանյութն էլ տրամադրել է պոլիկլինիկայի տնօրինությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2108 դիտում
11:27 01-07-2022
Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ
1042 դիտում
22:24 24-04-2023
Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ