211652_close_icon
views-count43098 դիտում article-date 13:29 09-04-2019

Քեզ բացակա չենք դնի. Բջնի գյուղում նշեցին Լելե-Թեփե բարձունքում մինչև վերջին փամփուշտը մարտնչած ապրիլյան պատերազմի հերոս, սերժանտ Կարեն Ներսիսյանի ծննդյան օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 8-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Նշվում էր Արցախյան քառօրյա պատերազմի հերոսներից Կարեն Ներսիսյանի ծննդյան օրը։ Այսօր Կարենը կդառնար 22 տարեկան, սակայն նա իր մարտական ու զինակից ընկերների հետ մինչև վերջին փամփուշտը պայքարեց ազերի բաշիբոզուկների դեմ։ Այսօր դահլիճում հպարտության արցունքներ էին։ Բոլորը նշում էին, որ Կարենին ու նրա նման հերոսներին բացակա չեն դնի. «Նրանք իրենց խիզախությամբ մեզ ապացուցեցին, որ հանուն հայրենիքի պաշտպնության՝ պատրաստ են մինչև վերջին շունչը իրենց կյանքը տալ մեզ՝ ապրողներիս»։ Սերժանտ Կարեն Ներսիսյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին, Բջնիում: 2003-2014 թթ. սովորել է Բջնիի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 2014 թ.-ին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն: Կարեն Ներսիսյանը 2015 թվականի հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։ Եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նա ապրիլի 1-ին բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 02:30-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Սերժանտ Կարեն Ներսիսյանը 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Կարենը զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջաբրայիլի դիրքերում ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի դեմ պայքարում։ Վերջին անգամ նա ընտանիքի անդամների հետ խոսել էր ապրիլի 1-ին՝ ասել, որ ամեն ինչ նորմալ է, հանգիստ քնեն։ Ապրիլի 2-ից հարազատները փորձել են կապ հաստատել նրա հետ, հետո իմացել են, որ Կարենն անհետ կորածների ցուցակում է։ Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին էր փոխանցվել 18 զինծառայողի մարմին, որից մեկը Կարեն Ներսիսյանն էր։ 2016 թվականի ապրիլի 16-ին Կարեն Ներսիսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Կարեն Ներսիսյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով: Ի դեպ, Կարենց դիրքի տղաները ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտնչել են հերոսաբար: Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած խումբն անցնում է շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանն իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ- ին արագ պարտության մատնելու ծրագիրը։ Անհավասար պայքարում զոհվում են Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր