«Շումախերական» ավտովթար Երևանում. վարորդը Opel-ով բախվել է ծառին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Opel մակնիշի 91 AL 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ գազանանոցի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ մարմնական վնասվածքներով 2 հոգու տեղափոխել են հիվանդանոց։ Նրանք են՝ 27-ամյա Արման Հակոբյանը և 26-ամյա Սամվել Ղարիբյանը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում հետաքննիչը։
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Տիգրան Մազմանյանի