211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 30-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բետոնե եզրաքարին, ապա ծառին, հետո երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1222 դիտում article-date 09:50 10-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ 20 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամենքներում բախվել է բետոնե եզրաքարին, ապա ծառին, առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հայկ Ա.-ն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 30-ամյա Հայկ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Սևակ Առաքելյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել է էլեկտրասյունը և օպերատիվորեն ժամանել էին նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ից, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վնասված էլ սյունը նորով փոխարինելու: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր