211652_close_icon
views-count1300 դիտում article-date 16:54 29-10-2026

Խոշոր ավտովթար՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին. «Nissan»-ը բախվել է հողաթմբերին ու քարերին, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում. կա վիրավոր. օպերատիվ են գործել Բյուրեղավանի շտապօգնության բժիշկներն ու Եղվարդի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի - Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին և հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արամ Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Առաքելյանը և պարեկ Տիգրան Խեչումյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սիսակ Հայրապետյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր