211652_close_icon
views-count871 դիտում article-date 10:26 28-10-2026

Խուլիգանություն՝ Սյունիքի մարզում․ Գորիսի դատարանում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են դատարանի կարգադրիչները

Հոկտեմբերի 19-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակիցներից մեկը հարվածել է մյուսին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գոհար Հ․-ն հայտնել է, որ ժամը 13։05-ից մինչև 13։25-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, երբ ավարտվել է որդուն ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստը, մեղադրյալներից 26-ամյա Ռուբեն Ս․-ի ծնողները՝ Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Գուրգեն Ս․-ն և 52-ամյա Գոհար Ա․-ն, ներս են մտել դահլիճ և սկսել վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ հնչեցնել իր և ամուսնու՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Սերոժ Դ․-ի, ինչպես նաև մեղադրող դատախազի հասցեին։

Կինը ոստիկաններին հայտնել է, որ դրանից հետո Գուրգեն Ս․-ն մոտեցել է իր ամուսնուն, իսկ նրա կինը՝ իրեն, և սկսել են քաշքշել իրենց։ Գուրգեն Ս․-ն հարվածներ է հասցրել ամուսնուն, որին միջամտել է ամուսնու հայրը՝ Սյունիքի մարզի բնակիչ 71-ամյա Աղասի Դ․-ն՝ փորձելով մի կողմ տանել Գուրգեն Ս․-ին։ Այդ ժամանակ վերջինս հարվածել է Աղասի Դ․-ի աջ ուսահոդին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դրանից հետո Աղասի Դ․-ն շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ Գոհար Հ․-ն ստացել է քերծվածքի տեսքով վնասվածք։

Ամբողջ քաշքշուկի ընթացքում միջամտել են դատարանի կարգադրիչները, սակայն միջադեպի մասնակիցները չեն ենթարկվել նրանց պահանջներին։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր