Հալեպի անկումը մեծ պայքարի վերջը չէ. ապստամբներ
Արևելյան Հալեպի անկումը դեռևս չի նշանակում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարն ավարտվում է։ Այդ մասին BBC-ին ասել է սիրիական ընդդիմության Բարձրագույն բանակցային հանձնաժողովի անդամ Ջորջ Սաբրան։
«Հալեպը կարևորագույն վայր է հեղափոխության համար, սակայն վերջին կետը չէ։ Ներկա պահին «Սիրիական ազատ բանակի» վերահսկողության տակ գտնվող շատ վայրեր ունենք»,-ասել է նա՝ հավելելով, որ դժվար թե այդ իրավիճակում հաշտության համաձայնագիր կնքելու հույս լինի։
Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերն արդեն խլել են ապստամբներից Հալեպի արևելյան հատվածի 1/3-ից ավելի մասը։ Ներկա պահին նրանց վերահսկողության տակ է գտնվում քաղաքի 12 թաղամաս։ Քաղաքի արևելյան մասը շուրջ 4 տարի գտնվում էր ապստամբների ձեռքում։