Հայտնի հեռուստահաղորդավարը Մոսկվայում վրաերթի է ենթարկել հետիոտնի
Մոսկվայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովի կողմից կատարած վրաերթի փաստի առթիվ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթը տեղի է ունեցել Մոսկվայի Օստրովիտյանով փողոցում, որտեղ Ն. Դրոզդովը իր վարած Suzuki Grand Vitara մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջը, ով փողոցն անցել է չթույլատրելի հատվածով:
Հետիոտնը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է:
78-ամյա Ն. Դրոզդովը հայտնել է, որ վաղը պետք է ներկայանա ոստիկանություն, իսկ երեկոյան նա կնոջ հետ կայցելի տուժած հետիոտնին:
Հիշեցնենք, որ Ն. Դրոզդովը հանրությանն առավել հայտնի է որպես ԽՍՀՄ տարիներին սիրված՝ «Կենդանիների աշխարհում» ծրագրի հաղորդավար: