211652_close_icon
views-count3213 դիտում article-date 11:45 28-11-2016

Գուստավ Մալերի 5-րդ սիմֆոնիան հնչեց Երիտասարդական նվագախմբի մեկնաբանմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում թևածում էր Մալերի երաժշտությունը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում ներկայացրել է ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերի Հինգերորդ սիմֆոնինան։ 5-րդ սիմֆոնիան Մալերն ավարտել է 1902 թվականին, առաջին անգամ հնչել է 1904-ին հեղինակի ղեկավարությամբ։ Սիմֆոնիան ոչ սովորական կառուցվածք ունի. այն բաղկացած է 5 մասից, որոնք կոմպոզիտորը միավորել է 3 մեծ բաժիններում։ Ինքը՝ Մալերը, խոստովանել է, որ 5-րդ սիմֆոնիան շատ բարդ է կատարել։ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը նույնպես ընդգծում է, որ Մալերի 5-րդ սիմֆոնիան բավականին բարդ ստեղծագործություն է։ «Ոչ միայն տևողությունն է երկար, այլև փայտափողային գործիքներն են շատ ծանրաբեռնված աշխատում լարայինների հետ միասին։ Պետք է շատ հասուն լինել՝ 5 մասից կազմված այս սիմֆոնիան կատարելու համար։ Եվ այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ցույց տվեց, որ հասուն է նման ստեղծագործություն բեմ բարձրացնելու։ Ես մեծ բավականություն ստացա, ինձ շատ հաճելի էր ունկնդրել»,- ասում է վաստակաշատ պրոֆեսորը։ Ի դեպ, դժվար է հիշել, թե վերջին անգամ Երևանում երբ էր կատարվել այս ստեղծագործությունը։ Արմինե Սարգսյանն ունկնդիրների թվում էր։ Նա նկատում է, որ սիմֆոնիան փոխանցում է տարբեր տրամադրություններ՝ և՜ պայքար, և՜ լիրիկական հանգստություն. «Դժվար է բառերի միջոցով արտահայտել այն զգացողությունները, որ ապրում ես այդպիսի երաժշտության հետ շփվելիս: Պարզապես այն պետք է լսել, վայելել ու հարստացնել հոգին: Երիտասարդական նվագախումբը պարգևեց մեզ այդ պահերը»։ Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հաճախ է անդրադառնում Մալերի ստեղծագործություններին. 2015թ. նվագախումբը երևանյան հանդիսատեսին է ներկայացրել ավստրիացի հեղինակի ևս երկու մոնումենտալ կտավներ՝ Սիմֆոնիա թիվ 1-ը «Տիտան» և 6-րդ սիմֆոնիան, որը նաև կոչվում է «Ողբերգական» սիմֆոնիա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր