Ռուսաստանը համաֆինանսավորելու է «Ռեշտ-Աստարա» երկաթուղու շինարարությունը
Ռուսաստանը համաձայնել է համատեղ կերպով ֆինանսավորել «Ռեշտ-Աստարա» երկաթուղու կառուցման աշխատանքները «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, հայտնում է ադրբեջանական Report կայքը։ Այս մասին հայտնել է «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը։
«Մեզ արդեն ներկայացվել է համապատասխան բիզնես-պլանը։ Մենք քննարկել ենք փաստաթուղթն ու պատրաստել ենք առաջարկություններ, որոնք մոտ ապագայում կներկայացնենք ադրբեջանական ու իրանական կողմին»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» երկաթուղային միջանցքն ապահովելու է ելքը Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից և Կովկասից դեպի Պարսից ծոց և Հնդկաստան։ Առաջին փուլում երկաթուղով տարեկան փոխադրվելու է 6 միլիոն տոննա բեռ։ Հեռանկարում այդ ցուցանիշը կարող է հասցնել տարեկան մինչև 15-20 միլիոն տոննայի։