Երևանից SMS հաղորդագրություն են ուղարկել Կիպրոս և սպառնալիքներով պահանջել 55 հազար եվրո. չստանալով այն՝ պայթեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի  տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի  քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի  (շորթում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)  հատկանիշով:
 Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հունիսի 29-ին անհայտ անձը բջջային հեռախոսահամարից հաղորդագրություն է փոխանցել Կիպրոսում բնակվող Սպարտակ Պետրոսյանի որդուն՝ Տարոն Պետրոսյանի բջջային հեռախոսահամարին, իսկ նոյեմբերի 14-ին հերթական բջջային հեռախոսահամարից մի քանի SMS-ներ է ուղարկել Ս. Պետրոսյանի հեռախոսահամարին և հայտնել, որ նրա ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն է կիրառելու և սպառնալիքներ տալով՝ պահանջել խոշոր գումար: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պահանջը եղել է 55 հազար եվրո: Նոյեմբերի 15-ին  Կիպրոսում անհայտ անձը կամ անձինք պայթեցրել են Ս. Պետրոսյանի աղջկան պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան: 
Ս. Պետրոսյանը կարծում է,  որ ուղարկված SMS  հաղորդագրությունն ու սպառնալիքները կապ ունեն աղջկա ավտոմեքենայի պայթեցման հետ: 
Արաբկիրի քննչական բաժնում դեպքի հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ՝ շորթում կատարող անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշված արարքի համար  հանցագործ կատարողը կամ կատարողները  պատժվելու են   ազատազրկման՝  6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, կամ առանց դրա:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

