211652_close_icon
views-count2706 դիտում article-date 23:04 21-11-2016

Երվանդ Շահազիզի ծննդյան 160-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի՝ «Սերունդների երկխոսություն» խորագրով

Նոյեմբերի 22-ին, ժամը 15:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա ականավոր հայագետ, գրականագետ Երվանդ Շահազիզի ծննդյան 160-ամյակին նվիրված ցերեկույթ: Միջոցառման շրջանակում կբացվի անվանի մտավորականի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցահանդես: Կներկայացվի նաև «Ե. Շահազիզի ավանդը հայագիտության մեջ» զեկույցը: Գնահատելով Շահազիզի ավանդն ազգագրության մեջ և կարևորելով ազգային արժեքների պահպանումն ու փոխանցումը սերունդներին՝ միջոցառման ընթացքում կցուցադրվեն հայկական ազգային հագուստի մերօրյա նմուշներ, ինչպես նաև կներկայացվի «Հայկական մանրանկարչական զարդանախշերի կիրառությունը արդի հագուստում» թեմայով դասախոսություն: Ցերեկույթի ընթացքում ներկաները կունկնդրեն հայկական նվագարանների կատարումներ և պոեզիա` «Ձոն հայրենիքին» խորագրով: Նշենք, որ ծնունդով աշտարակցի, հայագետ, գրականագետ Երվանդ Շահազիզի անվան հետ է կապվում Գրականության և արվեստի թանգարանի ստեղծումը: Ե. Շահազիզն անվանի բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբոր որդին է: Հարգելի գործընկերներ, նոյեմբերի 22-ին, ժամը 14:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի բակից տրանսպորտային միջոցները կշարժվեն Աշտարակ` Պ. Պռոշյանի տուն-թանգարան:

Նմանատիպ նյութեր