Ֆուտբոլային միջոցառում՝ Հայաստանում գերմանական օրերի շրջանակներում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հավատարիմ մնալ իր կողմից որդեգրված սոցիալական կորպորատիվ քաղաքականության իրականացմանը՝ դրա շրջանակերում անցկացնելով սոցիալական մի շարք միջոցառումներ: Այս անգամ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության շրջանակներում:
Հայաստանում գերմանական օրերի շրջանակներում Գերմանիայի դեսպանատունը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մասնագետները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում զվարճալի ֆուտբոլ ծրագրի շրջանակներում անցկացրեցին գործնական մարզումներ, որոնց մասնակցում էին Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցներում գերմաներեն ուսուցանող տղաներ և աղջիկներ: Մասնակիցները, բաժանվելով խմբերի, անցկացրեցին ֆուտբոլային խաղեր, փոքր մրցաշարեր դպրոցների միջև:
Միջոցառումն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում, ներգրավված մասնակիցները հնարավորություն ունեցան հարստացնել իրենց տեսական գիտելիքները սպորտի վերաբերյալ և բավականություն ստացան զվարճալի ֆուտբոլի շրջանակներում անցկացվող գործնական մարզումհերից:
Նման կարգի միջոցառումները, որոնք առաջիկայում ևս հաճախակի բնույթ կկրեն, կնպաստեն ֆուտբոլի մասսայականացմանը և առողջ ապրելակերպի տարածմանը պատանիների շրջանում: