211652_close_icon
views-count3171 դիտում article-date 22:26 17-10-2016

Հայաստան-­ԵՄ հարաբերությունների օրակարգում փոփոխություններ կան

Եվրամիության խորհուրդն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության առաջնահերթությունների մասին զեկույցը: ԵՄ խորհրդի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ զեկույցն ընդունվել է որպես 2016թ­-ի հունիսին Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացրած ԵՄ գլոբալ ռազմավարության լրացնող և մասնավորեցնող փաստաթուղթ: Զեկույցում անդրադարձ է կատարվում Հայաստան-­ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Հայաստանի հետ ԵՄ-­ի հարաբերություններում շեշտը դրվելու է նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների վրա, որը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նոր Գործընկերության առաջնահերթությունները, որոնք համատեղ կհամաձայնեցվեն, կփոխարինեն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրին, որն այլևս ժամկետանց է: Անցյալ տարվա սահմանադրական հանրաքվեից հետո կարևոր է, որպեսզի Հայաստանը կյանքի կոչի նոր Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ԵԱՀԿ-­ի և Եվրոպայի խորհրդի առաջարկները, նախքան հաջորդ` 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները: Որպես հիմնական դոնոր` ԵՄ-­ն իր ներդրումը կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններում` ֆինանսական բեռի մեծ մասը ծածկելով»,-­ նշվում է զեկույցում: Միաժամանակ շեշտվում է, որ ԵՄ-­ն չի ձգտում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիր կնքել: Առևտրային հարաբերությունների առնչությամբ` Հայաստանը նշվում է այն 14 երկրների թվում, որոնց նկատմամբ ԵՄ-­ն կիրառում է GSP+ առևտրային արտոնյալ ռեժիմը: Զեկույցի` Ադրբեջանին առնչվող մասում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: «ԵՄ­-ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը»,­- ասվում է զեկույցում:

Նմանատիպ նյութեր