Թուրքիայում աշխատանքից ազատված հազարավոր ուսուցիչներ բողոքի ցույց են կազմակերպել
Թուրքիայում աշխատանքից ազատված հազարավոր ուսուցիչներ բողոքի ցույց են կազմակերպել իշխանությունների դեմ: Այս մասիին գրում է թուրքական ընդդիմադիր Evrensel թերթը:
Թուրքիայում գործող «Կրթությունը դու ես» հասարակական կազմակերպությունը բողոքի մեծ ցույց է կազմակերպել Թուրքիայի տասնյակ քաղաքներում: Բողոքի ցույցերին մասնակցել են աշխատանքը կորցրած հազարավոր ուսուցիչներ, դպրոցական անձնակազմի անդամներ, ավագ դպրոցների աշակերտներ:
Մասնակիցները վանկարկել են «Ձեռք չտաս ուսուցչիս» կարգախոսն ու իշխանություններից պահանջել վերանայել աշխատանքից ազատված ուսուցիչների վերաբերյալ որոշումը:
Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում իրականացվող անվտանգության միջոցառումների շրջանակներում կառավարության հրամանով աշխատանքից ազատվել է շուրջ 28.163 ոսուցիչ: Նրանք մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման անդամ լինելու մեջ: Բացի դրանից` 15.200 ուսուցիչ մեղադրվել է դպրոցներում քրդամետ քարոզչություն տանելու և ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: